Մարտի 1-ի գործը բացահայտված է, միայն բուն կատարողները բացահայտված չեն. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է պնդել՝ «Մարտի 1»-ը բացահայտված է, պարզապես մեղավորները պատժված չեն:
Փաշինյանն այսօր մասնակցեց Մարտի մեկի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի բացմանը և պատասխանեց լրագրողների հարցերին: Վերջիններս, մասնավորապես, հարց ուղղեցին՝ դեռ մի քանի տարի առաջ նա հայտարարեց, որ «Մարտի 1»-ը բացահայտված է, այդ դեպքում ինչումն է հապաղումը: Փաշինյանն արձագանքեց՝ այո, կրկնում է ասածը, բայց մեղավորները դեռևս պատժված չեն։ Իսկ հարցին՝ ինչո՞ւ, նշեց.
«Ամենատարբեր պատճառներով, այդ թվում՝ ձեզ հայտնի իրավական մի շարք որոշումներով, բայց նաև ասեմ, այն, որ մինչև հիմա «Մարտի 1»-ի մարդասպանները հայտնաբերված չեն, դա չի նշանակում, որ այդպես չի լինելու։ Լինում են այդպիսի դեպքեր, մանավանդ, ամենամեծ խնդիրն այն է, որ նաև քրեական գործի վարույթներով ապացուցվել է՝ նախաքննությունը դեպքերից անմիջապես հետո ամբողջ ջանքերը չի դրել, որ տեղի ունեցածը բացահայտվի։ Հակառակը, ամեն ինչ արել են, որ չբացահայտվի։ Օրինակ, այստեղից հավաքված իրական պարկուճները հետագայում փոխվել են։ Բայց դա կապ չունի, էնքանով, որքանով ես կարող եմ դիրքորոշում հայտնել, ապա պետք է ասեմ, որ մեր ջանքերն այդ ուղղությամբ լինելու են»:
Նա նշեց, որ դատաքննություն է եղել, քրեական գործը կարճվել է՝ իրավական մեկնաբանությունների առումով, բայց հիմնական պատասխանատուները դատարանում էին։ Բայց ինքը չի ցանկանում մեկնաբանել իրավական անբողոքարկելի որոշումները. «Այդ որոշումները պետք է ընդունենք ի գիտություն»,- ընդգծեց Փաշինյանը։
Նա կրկնեց՝ գործը բացահայտված է, միայն բուն կատարողները բացահայտված չեն. «Իմ դիրքորոշումն այն է, որ այո՛, այդ ամենը պիտի բացահայտվի»,- հավելեց նա։