24.11.2024
Ինչ են քննարկել Վահե Ղազարյանն ու ՔՊ-ական պատգամավորները
prev Նախորդ նորություն

Կաթողիկոսն ու ԱՄՆ դեսպանը քննարկեցին իրավիճակը Արցախի շուրջ

Փետրվարի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:

Նորին Սրբությունն իր շնորհավորանքներն ու արդյունավոր առաքելության մաղթանքները հղեց դեսպանին։
Ամենայն Հայոց Հայրապետը, ի դեմս ԱՄՆ դեսպանի, իր շնորհակալությունը հայտնեց Միացյալ Նահանգների իշխանություններին մեր երկրին ու ժողովրդին ցուցաբերած զորակցության և տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար։

Վեհափառ Հայրապետն անդրադարձավ Հայաստանի և Արցախի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրներին, Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներին, վերջինիս կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնազավթմանը՝ հույս հայտնելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները գործուն քայլեր կձեռնարկեն Ադրբեջանի նմանօրինակ քաղաքականությունը զսպելու և արցախահայության ինքնորոշման իրավունքը պաշտպանելու համար։
Հայոց Հայրապետը մասնավորապես ընդգծեց գերության մեջ հայտնված հայորդիների ազատ արձակման կարևորությունը։

Զրուցակիցները քննարկեցին նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրները, սրբավայրերի պղծման և ոչնչացման փաստագրված միջադեպերը։

Իր հերթին դեսպան Քրիստինա Քվինը Նորին Սրբությանը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, վստահեցրեց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները և անձամբ ինքը կշարունակեն իրենց ջանքերը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ: