Ադրբեջանի հակահայկական հռետորաբանությունն ու ագրեսիվ գործողություններն անթույլատրելի են
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Սումգայիթում հայերի ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ.
35 տարի առաջ՝ 1988թ. փետրվարի 27-29-ին, ադրբեջանական իշխանությունների հրահրմամբ և հանցավոր անգործության հետևանքով Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան զանգվածային հայկական ջարդեր, որին զոհ գնացին հարյուրավոր հայեր, այդ թվում՝ երեխաներ, կանայք և ծերեր, իսկ հազարավորները՝ բռնի տեղահանվեցին։
Ադրբեջանի իշխանությունների կողմից նախապես ծրագրված ջարդերն իրագործվեցին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` իր պատմական հայրենիքում արժանապատվորեն ապրելու և խաղաղ արարելու քաղաքակիրթ պայքարը բիրտ ուժով ճնշելու նպատակով:
Այսօր էլ, անտեսելով անգամ հեղինակավոր միջազգային դատական ատյանների վճիռները, Ադրբեջանը բացահայտ կերպով շարունակում է ոչնչացնել, պղծել և վանդալիզմի ենթարկել հայկական պատմամշակութային կոթողները ու սրբավայրերը, նպատակ ունենալով ջնջել հայկական հետքը իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում:
Միևնույն ժամանակ՝ ամենաբարձր մակարդակով շարունակում է հայության նկատմամբ ատելության քարոզը, ինչը նպատակ ունի երկու ժողովուրդներին հնարավորություն չտալ հաղթահարելու թշնամության մթնոլորտը:
Այսօր հարգանքի տուրք մատուցելով Սումգայիթում և այլ բնակավայրերում իրագործված հայկական ջարդերի անմեղ զոհերի հիշատակին՝ կրկին ընդգծում ենք, որ ի պատասխան հայկական կողմի՝ տարածաշրջանում կայունություն և խաղաղություն կառուցելու ջանքերին, Ադրբեջանի հակահայկական հռետորաբանությունն ու առավելապաշտական նկրտումները և ագրեսիվ գործողություններն անթույլատրելի են: