Քոչարյանի պաշտպանական կողմը բացարկ հայտնեց դատարան ներկայացած թարգմանչին
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր շարունակեց «Սիլվայի գործով» լսումները։ Դատարան է ներկայացել գործում առկա փաստաթղթերն անգլերենից հայերեն թարգմանած թարգմանիչը՝ Սոնա Հովհաննիսյանը։ Պարզվեց, որ վերջինս ինքն իրեն է լիազորել որպես թարգմանիչ, քանի որ թարգմանչական գրասենյակի տնօրենը հենց ինքն է։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպանները պահանջեցին Հովհաննիսյանի՝ որպես թարգմանչի որակավորումը հաստատող փաստաթղթերը, որոնք սակայն Հովհաննիսյանը չկարողացավ ներկայացնել։
Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը նշեց, որ Քրեական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է, որ գործում ներգրավվելուց առաջ թարգմանիչը պետք է քրեական վարույթ իրականացնող մարմնին ներկայացնի թարգմանչի՝ իր որակավորումը հաստատող փաստաթղթերը։ «Լեզվին տիրապետելը դեռ չի նշանակում, որ տվյալ անձը կարող է ներկայանալ որպես թարգմանիչ», - ասաց Սահակյանը։
Թարգմանիչը հղում կատարեց կառավարության երկու որոշման վրա, որտեղ շարադրված են վարույթներում ներգրավվող թարգմանչին ներկայացվող պահանջները։ Ալումյանը նշեց, որ այդ որոշումները վերաբերում են միայն քաղաքացիական գործերով վարույթներին։
Կարճատև քննարկումից հետո պաշտպան Հայկ Ալումյանը բացարկ հայտնեց թարգմանչին։ Կողմերին լսելոց հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի այսօր, ժամը 14։40-ին։