19.12.2025
Ռուբեն, իրականում դու և քո թիմակիցները հովանավորում եք ռազմական հանցագործ թշնամու բանակը
prev Նախորդ նորություն

Երևանը խաղադրույք է կատարում իրանցի բարեփոխականների վրա, սակայն ռիսկերը պահպանվում են

Լուսանկարը` Իրանում ՀՀ դեսպանություն
Լուսանկարը` Իրանում ՀՀ դեսպանություն

Հայաստանի Սյունիքի մարզում կոմունիկացիոն նախագծերի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է մնալ տարածաշրջանային աշխարհաքաղաքականության ամենազգայուն կետերից մեկը։ Նախագիծը, որը ստացել է «Թրամփի երթուղի» (կամ TRIPP) պայմանական անվանումը և ի սկզբանե մտահղացվել էր որպես ենթակառուցվածքների զարգացման արևմտյան նախաձեռնություն, յուրատեսակ լակմուսի թուղթ դարձավ ոչ միայն գլոբալ խաղացողների, այլև հարևան երկրների էլիտաների ներսում առկա թաքնված հակասությունները ի հայտ բերելու համար։


Դիվանագիտական հարաբերական անդորրից հետո Թեհրանի հռետորաբանությունը կրկին սրվել է։ Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի հայտարարությունը, որով նա փաստացի հավասարության նշան դրեց «Թրամփի ճանապարհի» և ԻԻՀ-ի համար անընդունելի «Զանգեզուրի միջանցքի» միջև, խիստ անհամահունչ հնչեց Իրանի ԱԳՆ-ի և նախագահ Փեզեշքիանի վարչակազմի առավել զուսպ դիրքորոշման ֆոնին։ Ազդակների այս երկվությունը բարդ խնդիր է դնում Երևանի առջև. ո՞ւմ վրա կողմնորոշվել և որտե՞ղ է գտնվում որոշումների կայացման իրական կենտրոնը Իսլամական Հանրապետությունում։


VERELQ պարբերականին տված հարցազրույցում քաղաքագետ Դավիթ Հարությունով վերլուծում է Սյունիքի շուրջ հյուսված շահերի բարդ ճարտարապետությունը։ Փորձագետը դիտարկում է իրանական իսթեբլիշմենթի ներսում առկա տարաձայնությունների բնույթը՝ բացատրելով, թե ինչու է Թեհրանի «չափավոր թևը» խուսափում Երևանի հետ ուղիղ առճակատումից, այն դեպքում, երբ հոգևոր իշխանության ներկայացուցիչները գնում են հռետորաբանության սրման։


Զրույցում հատուկ ուշադրություն է դարձվել Ռուսաստանի գործոնին։ Թվում է, թե արևմտամետ նախագծին մասնակցելու պատրաստակամության մասին Մոսկվայի հայտարարությունը պարադոքսալ է։ Հարությունյանը գնահատում է՝ արդյո՞ք սա Մոսկվայի դիվանագիտական քայլն է, թե՞ Հարավային Կովկասում Վաշինգտոնի հետ պրագմատիկ փոխզիջում գտնելու իրական փորձ։



Լուսանկարում՝ Դավիթ Հարությունով, © Sputnik


VERELQ: Սյունիքում «Թրամփի երթուղի» նախագծի վերաբերյալ Իրանի սկզբնական կոշտ արձագանքին հաջորդած մի քանի ամիսների հարաբերական անդորրից հետո Թեհրանի հռետորաբանությունը կրկին կոշտացել է։ Օրերս Ալի Աքբար Վելայաթին հանդես եկավ հայտարարությամբ, որում փաստացի նույնականացրեց «Թրամփի ճանապարհը» «Զանգեզուրի միջանցք» նախագծի հետ՝ այն անվանելով անընդունելի իրանական կողմի համար։ Ասացեք խնդրեմ, ինչո՞վ է բացատրվում նման ակնհայտ հակադրությունը մի կողմից՝ Իրանի ԱԳՆ-ի և նախագահի զուսպ դիրքորոշման, մյուս կողմից՝ հոգևոր իշխանության ներկայացուցչի կոշտ հայտարարությունների միջև։


Դավիթ Հարությունով: Ամենայն հավանականությամբ, սա արտացոլում է իրանական էլիտայի տարբեր խմբերի մոտ իրավիճակի նկատմամբ տարբեր մոտեցումները և նրանց միջև հնարավոր տարաձայնությունները։ Ընդ որում, հենց Վելայաթին էր նախկինում ևս առավելագույնս կոշտ արտահայտվում նախագծի և դրանում Արևմուտքի մասնակցության վերաբերյալ։ Ընդհանուր առմամբ, նախագիծը, հավանաբար, առանձնապես դրական հույզեր չի առաջացնում Իրանի էլիտայի ճյուղերից և ոչ մեկի մոտ, սակայն հանրային արձագանքի առումով նրանց մոտեցումները տարբերվում են։ Այն պայմաններում, երբ իրավիճակի վրա ազդելու Թեհրանի իրական լծակները սահմանափակ են, Իրանի ղեկավարության պայմանականորեն ավելի չափավոր թևը, ակնհայտորեն, գերադասում է ուղղակիորեն չբարձրաձայնել իրանական կողմի դժգոհությունը և կոնֆլիկտի չգնալ Երևանի հետ։


VERELQ: Իրանի ղեկավարության հատկապես ո՞ր թևի ազդակների վրա պետք է առաջնահերթ կողմնորոշվի Երևանը, և որտե՞ղ է այս հարցում գտնվում որոշումների կայացման իրական կենտրոնը:


Դավիթ Հարությունյով: Այս հարցի պատասխանը սերտորեն կապված է Իրանում ներքին պայքարի ընթացիկ և հետագա դինամիկայի հետ։ Այս թեմայի շուրջ օբյեկտիվ տեղեկատվությունը քիչ է, սակայն Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման հետևանքները կարող էին հանգեցնել էլիտայի ներսում փոփոխությունների և ազդեցության վերաբաշխման՝ հօգուտ առավել ռեֆորմիստական թևի։ Միևնույն ժամանակ, դժվար է կանխատեսել իրադարձությունների հետագա ընթացքը, քանի որ ուժերի հարաբերակցությունը Իրանի ղեկավարության ներսում կախված կլինի նաև ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հետագա ընթացքից, Իսրայելի հնարավոր նոր հարձակումից և Իրանում սոցիալ-տնտեսական իրավիճակից։ Առայժմ տպավորություն է ստեղծվում, որ Երևանն ավելի շատ կողմնորոշվում է դեպի պայմանական բարեփոխականների (ռեֆորմիստների) դիրքորոշումը՝ Իրանի նախագահի գլխավորությամբ։


VERELQ: Որքանո՞վ է տագնապալի գործոն հանդիսանում «Թրամփի երթուղու» իրականացումը Իրանի և Ռուսաստանի տարածաշրջանային շահերի համար:


Դավիթ Հարությունով: Նախագիծն ինքնին, անշուշտ, այս փուլում մարտահրավեր է Մոսկվայի և Թեհրանի շահերին։ Միևնույն ժամանակ, շատ բան կախված է ԱՄՆ-ի և ընդհանուր առմամբ Արևմուտքի հետ Ռուսաստանի և Իրանի հարաբերությունների հետագա դինամիկայից, այսինքն՝ որոշակի կարգավորման դեպքում բացառված չեն նաև տեղաշարժեր նախագծի նկատմամբ վերաբերմունքում։ Բացի այդ, TRIPP-ը դեռևս գոյություն ունի տեսականորեն, և այն, թե ինչպես դա կիրականացվի գործնականում, ակնհայտորեն նույնպես կազդի Մոսկվայի և Թեհրանի վերաբերմունքի վրա։


VERELQ: Մոսկվան արդեն հայտնել է տվյալ նախագծին մասնակցելու ցանկության մասին։ Ինչպե՞ս պետք է գնահատել այս քայլը. արդյո՞ք սա միայն դժգոհությունն արտահայտելու և Արևմուտքի հետ առճակատման ֆոնին ներկայությունը նշմարելու դիվանագիտական միջոց է, թե՞ Կրեմլում իսկապես տեսնում են ԱՄՆ-ի և Հայաստանի հետ պրագմատիկ համագործակցության հնարավորություն այս կոնկրետ հարցում։


Դավիթ Հարությունով: Ռուսաստանի՝ երթուղուն որևէ ձևաչափով մասնակցության հնարավորությունը ուղղակիորեն կախված է Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների հետագա զարգացումից։ Կողմերի միջև ազդեցության ոլորտների վերաբերյալ որևէ, ավելի լայն պայմանավորվածության ձեռքբերման դեպքում նման տարբերակը բացառված չէ։ Նաև, ինչպես արդեն նշվեց, շատ բան կախված է նախագծի իրականացման տեխնիկական ասպեկտներից և այդ գործընթացում ռուսական գործոնի հաշվառումից։ Սակայն այս փուլում, ակնհայտ է, որ ռուսական կողմի մասնակցության մասին խոսք չկա։

Պարզ է, թե ինչ նկատի ունի Մակրոնը
Հաջորդ նորություն next