Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով և 396-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են Արմավիրի մարզի բնակչի կողմից առերևույթ թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու դեպքի մի շարք հանգամանքներ:
Մասնավորապես, 2023թ․ փետրվարի 17-ին՝ ժամը 14:10-ի սահմաններում, Կորեայի Ձոր կոչվող հատվածում ծառայություն իրականացնող պարեկները նկատել են, որ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, տեսնելով իրենց, ձեռքի տոպրակը նետել է: Կասկածելով, որ տոպրակի մեջ առկա զանգվածը հնարավոր է թմրամիջոց լինի, նշված անձը, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա, տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին:
Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերջինս հանդիսանում է Վաղարշապատ քաղաքի 1983թ. ծնված բնակիչ, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են դեղնականաչավուն յուրահատուկ հոտով զանգվածներ՝ 1.32 և 5.42 գրամ ընդհանուր քաշով:
Փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերված փաթեթների պարունակությունը, նախնական տվյալներով, հանդիսանում է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը, վերջինիս խոսքով, ձեռք է բերվել կայքի միջոցով:
Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է տղամարդու կողմից նետված տոպրակը՝ դեղնականաչավուն զանգվածի պարունակությամբ: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Փորձաքննությամբ հաստատվել է, որ փաթեթներում առկա ընդհանուր 541.97 գրամ նախնական քաշերով զանգվածները հանդիսանում են «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ:
Հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին, որը բավարարվել է, և Վաղարշապատի բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ իրացնելու նպատակով, քննությամբ դեռևս անհայտ օգտատիրոջից, առանձնապես խոշոր չափի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու համար:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին, որն ամբողջությամբ բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ՝ թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը, ապօրինի շրջանառության շղթան պարզելու ուղղությամբ:
ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ: