26.11.2024
Ներքին ու արտաքին վտանգներ, անելիքներ. Արցախի նախագահը հանդես կգա ուղերձով
prev Նախորդ նորություն

Մենք ունենք ամեն ինչ՝ պատմական այս բարդ փուլը հաղթահարելու համար. Ռուբեն Վարդանյան

Ավանդույթ կա խոսել պաշտոնավարման 100 օրվա մասին: Ամփոփել՝ ինչ ես հասցրել անել, ինչ խնդիրներ ես արձանագրել, ինչ անելիքներ ես նախանշել, ինչպես ես պատկերացնում զարգացման ուղղություններն ու տեսլականը: Իմ պաշտոնավարման 100 օրվանից 67-ը շրջափակման մեջ է անցել: Այսինքն, 1 600 ժամ շրջափակման մեջ ենք: Այս մասին գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

"Այս իրողություններում ձեռքբերում եմ համարում այն, որ Օպերատիվ շտաբը կարողացավ կատարել իր առջև դրված խնդիրները, լուծումներ գտնել ամեն օր ի հայտ եկող նոր մարտահրավերներին և, ամենակարևորը, ամեն կերպ կանխել տարբեր ոլորտներում հնարավոր կոլապսի առաջացումը։

Այս 100 օրը, բարդությունների հետ մեկտեղ, զարմանալի բացահայտումների շրջան էր: Ես, առաջին հերթին որպես մարդ, ով ստանձնել է պետնախարարի պաշտոնը,փորձել եմ ուսումնասիրել ու հասկանալ` ինչ է կատարվում պետական համակարգում ու Արցախում: Փորձել եմ թույլ չտալ ձախողվել ծանրագույն ճգնաժամի պայմաններում: Սա միասնական պայքարի ու դիմադրության փուլ է բոլորիս համար: Այս ամբողջ ընթացքում մենք եղել և շարունակում ենք մնալ մշտական արտաքին ճնշման և ներքին հակադրության պայմաններում, որոնց, սակայն, չի հաջողվել խաթարել մեր ծրագրերը:

Պաշտոնավարման սկզբում ուսումնասիրել ենք խնդիրները և կանխորոշել դրանց լուծման ուղիները` առաջնորդվելով հստակ ձևակերպված սկզբունքներով` համակարգային մոտեցում, հետևողականություն, թափանցիկություն, հաղորդակցություն, կարգապահություն, թիմային աշխատանք, ինչպես նաև հավատ սեփական ուժերի, արդարության, իշխանության և ապագայի հանդեպ, հարգանք` գիտելիքի, ավանդույթների և աշխատանքի հանդեպ: Ստեղծել ենք բացառիկ կոլեկտիվ, որում համախմբվել են, կողք կողքի աշխատում ու համագործակցում են կառավարության անդամներ, պատգամավորներ, հանրային ու մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ։

Այսօր վստահ կարող եմ ասել, թե ինչ է Արցախը: Ավելի քան երկու ամիս տևող այս շրջափակման ժամանակ տեսանք, որ մեր ժողովուրդը չի ցանկանում հանձնվել և հրաժարվել Արցախից: Պատրաստ է հանդուրժել ամեն դժվարություն, ունի բավարար կամք ու համառություն՝ այս փորձությունների միջով անցնելու համար: Արժանի պետք է լինենք այս ժողովրդին առաջնորդելուն: Մենք ունենք ամեն ինչ՝ պատմական այս բարդ փուլը հաղթահարելու համար՝ հավատ, կամք, ոգի ու միասնականություն: Ես հավատում եմ, որ ոգին ու կամքը անգամ չնչին հնարավորության դեպքում կարող են հաջողություն բերել: Ու ես ինձնից կախված ամեն ինչ անելու եմ դրա համար:

Սա երկար ճանապարհի միայն սկիզբն է",- գրել է Վարդանյանը։