Ադրբեջանի կողմից նոր էսկալացիայի հրահրման վտանգը շարունակում է մնալ բարձր. Միրզոյան
Փետրվարի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵԽ համագործակցությանը, ինչպես նաև՝ տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր:
"Իր ելույթում Արարատ Միրզոյանն անդրադարձել է նաև Լաչինի շրջափակմանը.
Մենք ապրում ենք անվտանգային բազում սպառնալիքներով լի տարածաշրջանում: Ավելի քան երկու ամիս է, ինչ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով շարունակվում է հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում, Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, բազմաթիվ անհետ կորած անձանց և բռնի անհետացածների ճակատագրերը մնում են չպարզաբանված: 2021թ. մայիսին և նոյեմբերին, ինչպես նաև 2022թ. սեպտեմբերին ձեռնարկված ագրեսիայի արդյունքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները հայտնվել են ադրբեջանական օկուպացիայի ներքո, իսկ Ադրբեջանի կողմից նոր էսկալացիայի հրահրման վտանգը շարունակում է մնալ բարձր։
Եվ ահա, չնայած Հայաստանի և նրա ժողորդավարության դեմ ուղղված այս քայլերին և առկա սուր մարտահրավերներին, մենք հավատարիմ ենք մնում մեր արժեքներին և Եվրոպայի խորհրդի հետ համագործակցաբար՝ շարունակում ենք ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը: Ժողովրդավարությունը Հայաստանում այլևս անշրջելի է",- ասել է Արարատ Միրզոյանը։