ՀԱՓԿ-ի և Իրանի հակաականային գործունեության կենտրոնի միջև հուշագիր է ստորագրվել
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը հյուրընկալել է պատասխան այցով ՀՀ ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակությանը։
Փետրվարի 15-ին ՀԱՓԿ է այցելել ԻԻՀ հակաականային գործունեության կենտրոնի ղեկավար կազմը՝ տնօրեն Մոհամմադ Հոսեյն Ամիր Ահմադիի գլխավորությամբ։
Հյուրերն այցելել են ՊՈԱԿ-ի ուսումնական կենտրոն, ծանոթացել ՀԱՓԿ գործունեությանը, կարողություններին, ականատես եղել դաշտային գործնական պարապմունքներին։
ՀԱՓԿ տնօրեն Վաղինակ Սարգսյանը բարձր է գնահատել հակաականային գործունեության ոլորտում ՀՀ և ԻԻՀ միջև առկա համագործակցությունը և շեշտել փոխգործակցության ընդլայնման կարևորությունը։
Պարոն Մոհամմադ Հոսեյն Ամիր Ահմադին շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար, փաստել ձեռք բերված պայմանավորվածությունների կարևորությունը, հույս հայտնել որ հայաստանյան հանդիպումը ևս կունենա դրական արդյունք և հիմք կհանդիսանա համագործակցության հետագա զարգացման համար։
«Հումանիտար ականազերծման գործողությունը կարևոր է այն առումով, որ փաստացի մարդու կյանքն է փրկվում, ինչպես նաև ստեղծվում են պայմաններ՝ նրա անվտանգ ապրելակերպի համար: Պատրաստակամ ենք այս ոլորտում ՀԱՓԿ-ի հետ լայնածավալ և երկարաժամկետ համագործակցության»,- նշել է պարոն Մոհամմադ Հոսեյն Ամիր Ահմադին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխգործակցությունն առավել առարկայական դարձնելու հետ կապված հարցեր՝ մասնավորապես, շոշափվել է ԻԻՀ ՀԳԿ միջազգային ուսումնական կենտրոնում ՀԱՓԿ մասնագետների վերապատրաստման հնարավորությունը:
Հանդիպման ավարտին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և Իրանի Իսլամական Հանրապետության հակաականային գործունեության կենտրոնի միջև ստորագրվել է հումանիտար հակաականային գործունեության ոլորտում փոխգործակցության հուշագիր։