ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Հետախուզում է հայտարարվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ։
Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատախազությունից:
Նշենք, որ Վիգեն Սարգսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն ավելի վաղ բավարարել էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը:
Ըստ իրավապահների՝ նա 2018 թվականի հունվարին պաշտպանական գերատեսչության հաշվեկշռում գտնվող շենքի բնակարանների բաշխման գործընթացում դիտավորությամբ կատարել է իր լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս գործողություններ:
Դատախազությունը վարույթն իրականացնող մարմնին հանձնարել է միջոցներ ձեռնարկել Սարգսյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու ուղղությամբ:
Մեղադրանքի առնչությամբ Վիգեն Սարգսյանը հայտարարություն էր տարածել, նշելով, որ իր նկատմամբ այդպիսով իրականացվում է քաղաքական հետապնդում եւ մարդու իրավունքների բացահայտ ոտնահարում, ինչպես դա արդեն բացահայտորեն արվում է տարիներ շարունակ բոլոր ընդդիմադիրների նկատմամբ:
«Հրապարակե՛ք բնակարաններ ստացածների ցանկն` յուրաքանչյուրի մարտական ուղին եւ վաստակը նշելով, եւ նրանց ցանկը, որոնց իրավունքները հսկող դատախազի կարծիքով խախտվել են: Նողկալի է»,- գրել էր նախկին նախարարը: