24.11.2024
Անհրաժեշտ է միջազգային բոլոր ատյաններում էլ ավելի ակտիվացնել ջանքերը. Մինասյան
prev Նախորդ նորություն

Շատ գործ կա անելու. վստահ եմ, որ մեր առջև ծառացած բոլոր խնդիրները լուծելի են. Վարդանյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ պետական մարմինների ղեկավար կազմի մասնակցությամբ: Այս մասին հայտնում են ԱՀ կառավարությունից։


Ներկայացնելով ընթացիկ իրավիճակը՝ պետնախարարը նշել է, որ արդեն երկու ամսից ավելի Ադրբեջանի կողմից շարունակվում է Արցախի շրջափակումը՝ ծանր հետևանքներ ունենալով թե՛ տնտեսության, թե՛ հասարակական կյանքի բոլոր մյուս ոլորտների համար: «Չնայած մարտահրավերները խորքային են՝ հասարակությունն արժանապատվորեն է արձագանքում դրանց: Մենք անընդհատ շփվում ենք բնակչության տարբեր խմբերի հետ, Արցախում իսկապես շատ մեծ ուժ կա, որը դրսում տեսանելի չէ։ Այս ներքին ուժը մեզ անհրաժեշտ է դժվարությունները միասին հաղթահարելու համար։ Շատ գործ կա անելու։ Այն աշխատանքները, որոնք սկսել ենք, կշարունակվեն ավելի ակտիվ։ Վստահ եմ, որ մեր առջև ծառացած բոլոր խնդիրները լուծելի են»,- ասել է պետնախարարը:


Խորհրդակցության ընթացքում պետական մարմինների ղեկավարները ներկայացրել են իրենց ոլորտներում ընթացիկ իրավիճակը, քննարկվել են մի շարք հրատապ հարցեր:


Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանը տեղեկացրել է, որ փետրվարի 21-ից նախատեսվում է ընդլայնել կտրոնով տրամադրվող առաջին անհրաժեշտության ապրանքների ցանկը: Ներկայումս այդ ուղղությամբ կազմակերպչական և տեխնիկական աշխատանքներ են իրականացվում: Այս համատեքստում պետնախարարը հանձնարարել է ամփոփել մեկ ամսվա ընթացքում կտրոնային համակարգի ներդրման հետ կապված իրավիճակը՝ համապատասխան վերլուծություններ կատարելու և, անհրաժեշտության դեպքում, գործընթացում շտկումներ անելու համար:


Տեղեկություններ են ներկայացվել նաև շրջափակման տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմմանն ուղղված աջակցության միջոցառումների ընթացքի վերաբերյալ: Նշվել է, որ սոցիալական աջակցության ծրագրերը շուտով կմեկնարկեն, ինչ վերաբերում է տնտեսական աջակցության ծրագրին, ապա դիմումների ընդունման գործընթացն արդեն սկսվել է: Զուգահեռաբար աշխատանքներ են իրականացվում նաև շրջափակման հետևանքների մեղմմանն ուղղված հաջորդ փուլի միջոցառումների մշակման ուղղությամբ:


Անդրադարձ է եղել նաև գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման հարցերին: Գյուղատնտեսության նախարար Հրանտ Սաֆարյանը տեղեկություններ է ներկայացրել սերմացուի և դիզվառելիքի ապահովման ուղղությամբ ձեռնարկվող աշխատանքների մասին:


Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև կրթության, առողջապահության, ենթակառուցվածքների և մի շարք այլ ոլորտներին վերաբերող հրատապ հարցեր: