23.11.2024
Արայիկ Հարությունյանն ու Գագիկ Ծառուկյանը քննարկել են իրավիճակն Արցախում
prev Նախորդ նորություն

Թագուհի Թովմասյանն ու Սիրիայի դեսպանը քննարկել են սիրիահայերի խնդիրները

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի հրավերով փետրվարի 9-ին խորհրդարան են այցելել Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Նորա Արիսյանը եւ հյուպատոս՝ երրորդ քարտուղար Ահմադ Հասսան Ալատհբայը:


Թագուհի Թովմասյանը գործընկերներին խորին ցավակցություն է հայտնել Սիրիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժերի անդառնալի հետեւանքների կապակցությամբ:


«Դժբախտ պատահարների հետեւանքով Սիրիայում առաջ են եկել հումանիտար լրջագույն խնդիրներ. կան 1000-ից ավելի զոհեր, 100-ավոր վիրավորներ, ճակատագիրն անհայտ քաղաքացիներ եւ անտուն մնացած մարդիկ: Ուսումնական հաստատությունները, մանկապարտեզները չեն գործում, էլեկտրականությունը բացակայում է, շտապօգնության մեքենաների, բժշկական սարքավորումների պակաս կա»,- նշել է դեսպանը:


Հանձնաժողովի նախագահը դեսպանից հետաքրքրվել է Սիրիայի մեր հայրենակիցների ճակատագրերով: Նախնական տվյալներով, ցավոք, կա 2 զոհ, իսկ անտուն մնացած սիրիահայերն ապաստանել են հայկական եկեղեցիներում եւ միության սրահներում:


Դեսպանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությանը՝ այս ծանր պահին Սիրիայի ժողովրդին բարեկամական մոտեցում ցուցաբերելու համար:


Թագուհի Թովմասյանը գործընկերներին հայտնել է իր պատրաստակամությունը՝ օգտագործել բոլոր հնարավոր լծակները՝ աջակցելու ծանր հումանիտար իրավիճակում հայտնված Սիրիային:


Դեսպանը տեղեկացրել է, որ ՀՀ-ում Սիրիայի դեսպանատանը բացվել է սգո հուշամատյան, իրականացվում է դրամահավաք՝ ծանր վիճակում գտնվող քաղաքացիներին օգնելու համար:


«Սիրիայի բարեկամ ժողովրդին բոլորիս կողմից ցուցաբերված դրամական աջակցությունը կնպաստի հումանիտար իրավիճակի բարելավմանը»,- ասել է Թագուհի Թովմասյանը: