25.11.2024
Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ
prev Նախորդ նորություն

Մեր պատմությունն անարժան կերպով փակելու բարոյական իրավունք չունենք. Արթուր Թովմասյան

Արցախի Հանրապետության խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մարտունու շրջանի Ճարտար և Խնուշինակ համայնքներ՝ բնակիչներին ստեղծված իրավիճակի և այն հաղթահարելու ուղղությամբ տարվող աշխատանքների մասին տեղեկություններ հայտնելու նպատակով:


Ինչպես նշվում է Արցախի ԱԺ-ի տարածած հաղորդագրությունում, Արթուր Թովմասյանն Արցախի խորհրդարանի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանի, պատգամավոր Արեգ Ավագյանի և օպերատիվ շտաբի անդամ, Արցախի նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանի ուղեկցությամբ հանդիպումներ է ունեցել Մարտունու շրջանի Ճարտար և Խնուշինակ համայնքների բնակիչների հետ:


Հանդիպմանը ԱԺ նախագահը նշել է, որ Արցախի բռնակցումը Ադրբեջանին կբերի Արցախի ոչնչացմանը և կհանդիսանա պատմական, իրավական, աշխարհաքաղաքական և բարոյական ողբերգություն հայոց պետականության և հայ ժողովրդի համար:


«Մենք չափազանց թանկ գին ենք վճարել մեր ազատության և անկախության համար և մեր պատմությունն անարժան կերպով փակելու բարոյական իրավունք չունենք: Շրջափակումը արցախահայությանը կանգնեցրել է աննախադեպ աղետի առջև: Վտանգված է Արցախի ժողովրդի լիարժեք կյանքի և ապրելու իրավունքը: Այս դժվարին օրերին առավել կարևոր են համերաշխությունն ու հանդուրժողականությունը միմյանց հանդեպ»,- հանդիպման ընթացքում ընդգծել է ԱԺ նախագահը:


Այնուհետև նա առանձնացրել է շրջափակման ազդեցությունը մեղմելու առաջնահերթությունները.


«Որպես օրենսդիր մարմնի ղեկավար, ինձ համար առաջնային են.


1. Քաղաքացուն տեր կանգնելու պետության պարտավորությունները:


2. Սոցիալական նոր ծրագրերի անհապաղ ձեռնարկումը, հատկապես խոցելի խավերի, այդ թվում շրջափակման հետևանքով գործազուրկի կարգավիճակում հայտնված մեր քաղաքացիների հանդեպ:


3. Տեսակետը, թե սոցիալական ծրագրերը ծուլության կամ անգործության են տանում մարդկանց, անընդունելի է այս իրավիճակում, քանի որ Արցախում ապրող ամեն մի հայ իրականացնում է սուրբ առաքելություն՝ ազգային արժանապատվության պահպանում»:


Նշվում է, որ հանդիպումն ընթացել է փոխըմբռնման մթնոլորտում: Բնակիչների բարձրացրած հարցերը քաղաքական, գյուղատնտեսության , սոցապահովության, անվտանգության ոլորտներին էին առնչվում: Հարցերի մի մասին տրվել են սպառիչ պատասխաններ, մյուսները կփոխանցվեն օպերատիվ շտաբ:


ԱԺ նախագահը և նրա գլխավորած պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել համայնքների բնակիչներին ճգնաժամային իրավիճակին պատշաճ կերպով դիմակայելու համար: