23.11.2024
Լաչինի շրջափակումը վերացնելու երկու տեսական տարբերակ կա. ռազմական կամ դիվանագիտական. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցումները խոչընդոտում են երկարաժամկետ խաղաղության հաստատմանը

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հունվարի 24-ին ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցին:  


Լուկաս Ռոզենկրանցը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար:


Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Մանրամասներ ներկայացնելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ: Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ ճանապարհի արգելափակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտում է Ադրբեջանի կողմից:


Այս համատեքստում հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցումները մեծապես խոչընդոտում են տարածաշրջանում անվտանգության եւ երկարաժամկետ խաղաղության հաստատմանը:


Էդուարդ Աղաջանյանը Լեռնային Ղարաբաղում ծավալվող ճգնաժամային իրավիճակը կանխելու հարցում կարեւորել է միջազգային գործընկերների դերակատարությունը: Հանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել ԵՄ-ի խորհրդի որոշումը` Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու վերաբերյալ (EUMA)` Ընդհանուր անվտանգության եւ պաշտպանության քաղաքականության շրջանակում (CSDP):


Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման օրակարգերը, ընդգծվել է բարեկամական խմբերի արդյունավետ փոխգործակցության անհրաժեշտությունը: Անդրադարձ է եղել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի:


Լուկաս Ռոզենկրանցը կարեւորել է հայ-շվեյցարական միջխորհրդարանական հարաբերությունների խորացումը, ինչպես նաեւ մի շարք ոլորտներում փոխգործակցության զարգացումը:


Հայ խորհրդարանականները բարձր են գնահատել դեսպանի գործուն դերակատարությունը Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ հարաբերությունների զարգացման հարցում:


Հանդիպման ավարտին կողմերը կարեւորել են Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ երկարամյա ջերմ բարեկամական հարաբերությունները` նշելով, որ տարբեր ոլորտներում համագործակցության մեծ ներուժ կա: