23.11.2024
Ումի՞ց պահանջել անվտանգ և ուժեղ Հայաստան. Վահե Հովհաննիսյան
prev Նախորդ նորություն

Հայաստանն առաջարկում է ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն տեղակայել ԼՂ-ում

դրբեջանն ապօրինի շրջափակում է սկսել ԼՂ շուրջ` խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ինչպես նաև իր միջազգային պայմանավորվածությունները: Այս մասին ՄԱԿ-ի ԱԽ` Լաչինում իրավիճակի շուրջ կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը:


«Ադրբեջանը պետական հովանավորությամբ զանգվածային արշավ է սկսել Լաչինի միջանցքի երկայնքով, դա արվել է` խախտելով եռակողմ հայտարարության կետը, որի համաձայն` Հայաստանի և ԼՂ-ի միջև պետք է կապ լինի Լաչինի միջանցքով` ՌԴ խաղաղապահ առաքելության վերահսկողության ներքո»,- ասաց նա` հավելելով, որ Ադրբեջանը թիրախավորել է 120 000 մարդու:


Մարգարյանն ընդգծեց` ԼՂ-ում իրավիճակը մոտ է հումանիտար աղետ դառնալուն: Նրա խոսքով` Ադրբեջանի գործողությունների համակարգված բնույթը, ներառյալ` նախորդ միջադեպերը, որոնք թիրախավորում էին ենթակառուցվածքները ու քաղաքացիական բնակչությանը, վկայում են, որ Լաչինում տեղի ունեցողը նույնպես նախապես պլանավորված գործողություններ են:


«Պնդումները, որ Ադրբեջանը որևէ սահմանափակում չի իրականացրել Լաչինի միջանցքում, կեղծ են և արտացոլում են այդ երկրի` զոհին մեղադրելու մոտեցումը: Բնապահպանական մտահոգությունների ցանկացած հղում ոչ այլ ինչ է, քան կեղծ պատրվակ` արդարացնելու համար ԼՂ-ին հետագա գոյության միջոցներից զրկելը: Երբ բանը հասնում է քաղաքացիական և քաղաքական ազատություններին, Ադրբեջանն ամենացածր վարկանիշներից մեկն ունի ժողովրդավարական աշխարհում: Առանց իշխանության ուղղորդման և աջակցության այնտեղ որևէ արշավ անցկացնելն անհնար է»,- ասաց նա:


Մարգարյանը շեշտեց` Ադրբեջանի իշխանությունների նպատակն է ԼՂ ժողովրդին ենթարկել էթնիկ զտման, ապա հավելեց` Եթե Ադրբեջանը հետաքրքրված է, որ բնապահպանական իրավիճակի անկախ գնահատում իրականացվի, ապա պետք է դիտարկել ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն տեղակայելու հնարավորությունը` խնդիրն ուսումնասիրելու նպատակով: ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը նշեց, որ ՀՀ-ն պատրաստ է ապահովել մարդասիրական հասանելիությունը փաստահավաք առաքելության համար, ՄԱԿ ԱԽ անդամներին հորդորեց Ադրբեջանից պահանջել ապահովել նոյեմբերի 9-ի դրույթների կատարումը և անմիջապես վերացնել Լաչինի միջանցքի արգելափակումը, փաստահավաք առաքելություն տեղակայել Լաչինի միջանցքում` գնահատելու համար տեղի մարդասիրական իրավիճակը:


Ադրբեջանի ներկայացուցիչը հայտարարեց, թե Լաչինի միջանցքն «ամբողջությամբ Ադրբեջանի տարածքում է», և թե այդ ճանապարհի օգտագործումը պետք է լինի բացառապես մարդասիրական նպատակներով: Յաշար Ալիևը հերթական անգամ փորձեց առաջ քաշել Բաքվի կեղծ դիրքորոշումը:


«Ադրբեջանը վճռական է իր հայազգի քաղաքացիներին երաշխավորել այն իրավունքներն ու ազատությունները, որոնք վայելում են իր քաղաքացիները` հավասար կերպով և առանց խտրականության»,- ասաց նա` հայտարարելով, թե այս «ներպետական» խնդրին «միջամտություն» թույլ չեն տալու:


Ադրբեջանի ներկայացուցիչը, իր բնորոշմամբ, երրորդ կողմերին կոչ արեց ձեռնպահ մնալ «Հայաստանի ռևանշիզմն ամրապնդող գործողություններից»:


ՄԱԿ ԱԽ նիստի ընթացքում ելույթ ունեցող պատվիրակությունների ներկայացուցիչները միաձայն կոչ արեցին անհապաղ ապահովել Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների անխափան անցումը։