24.11.2024
Դեկտեմբերի 17-ին Ստեփանակերտում մեծ հանրահավաք կլինի․Ռուբեն Վարդանյանը կոչ է արել բոլորին
prev Նախորդ նորություն

Պայքարը շարունակվում է, միացե՛ք. Արտակ Բեգլարյան

Դեկտեմբերի 14-ին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց անժամկետ բողոքի ակցիա իրականացնող Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրառում է կատարել.


«Չնայած Ադրբեջանը վերջերս վերականգնել է Արցախի գազամատակարարումը, սակայն կյանքի ճանապարհը դեռ փակ է, իսկ արցախցիները լիակատար շրջափակման մեջ են։


Մենք շարունակում ենք մեր նստացույցը նաև ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց։


Իսկ նախապես հայտարարված ակցիան մնում է ուժի մեջ. այսօր՝ ժամը 15:00-ին, ՄԱԿ-ի գրասենյակի մոտ, միացե՛ք»,- գրել է նա։


Արտակ Բեգլարյանի բողոքի ակցիայի մասին


Բեգլարյանն ակցիան իրականացնում է հետևյալ պահանջներով.


1. ՄԱԿ-ի մարմինները պետք է դատապարտեն Ադրբեջանի ցեղասպան գործողությունները և Արցախի ժողովրդի շրջափակումը։


2. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է անդրադառնա Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման խնդրին` տրամադրելով հստակ միջազգային երաշխիքներ։


3. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առնվազն հինգ մշտական ​​անդամներ (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և Չինաստան) և Եվրամիությունը պետք է դատապարտեն Ադրբեջանի գործողությունները և գործնական միջոցներ ձեռնարկեն այն զսպելու համար։


VERELQ-ը հիշեցնում է, որ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 10:30-ին, քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը՝ «բնապահպանական պատճառաբանություններով»։ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելու հետևանքով գործնականում շրջափակված են Շուշիի շրջանի Մեծ Շեն, Հին Շեն, Եղծահող և Լիսագոր համայնքները։


Ճանապարհի փակ լինելու պատճառով Արցախից դեպի նշված բնակավայրեր սննդամթերքի, մասնավորապես՝ հացի և ալյուրի, ինչպես նաև առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումներ չեն իրականացվում։


Հայաստանի ԱԳՆ-ն նախազգուշացրել է Լեռնային Ղարաբաղում «պարենային և հումանիտար ճգնաժամի անմիջական սպառնալիքի» մասին և իրավիճակը որակել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտում, ըստ որի՝ Լաչինի միջանցքը շարունակում է մնալ Ռուսաստանի խաղաղապահ կոնտինգենտի վերահսկողության տակ, իսկ Ադրբեջանը երաշխավորում է նրա երկայնքով տեղաշարժի անվտանգությունը։


ՌԴ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը բանակցություններ է վարում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով քաղաքացիական մեքենաների անխոչընդոտ տեղաշարժը վերսկսելու համար։


Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը դադարեցրել է Արցախ գազամատակարարումը։ Արդյունքում Արցախում որոշում է կայացվել փակել դպրոցները։


Դեկտեմբերի 16-ին Արցախում գազամատակարարումը վերականգնվել է.