24.11.2024
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող սադրանքը. Մայր Աթոռ
prev Նախորդ նորություն

Հուսով եմ, որ այս խնդիրն իր վերջնական և հարատև լուծումը կստանա ՌԴ խաղաղապահ ուժերի շնորհիվ

Մոսկվայում անցկացվող «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների եւ բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 3-րդ միջազգային համաժողովին ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ելույթ է ունեցել՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակին: 


«Հարգելի’ գործընկերներ,

Նախևառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր ռուս ընկերներին՝ «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկերի փոխգործակցության դերը» խորագրով 3-րդ միջազգային համաժողովի կազմակերպման և հրավերի համար։ Չնայած «ֆրակցիա» և «պարտիա» բառերը այս կամ այն իմաստով թարգմանաբար «ինչ-որ մի բանի մաս» են նշանակում, այն, ինչի մասին ես կխոսեմ այսօր, հետաքրքրում է ոչ թե մի մասին, այլ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բոլոր քաղաքացիներին, ողջ աշխարհի հայությանը։

Մեզ բոլորիս բարդ տարածաշրջան է բաժին հասել։ Եվ ես ի նկատի ունեմ ոչ միայն Հարավային Կովկասը, այլ ողջ ԱՊՀ տարածքը։ Խորհրդային միության փլուզման պահից ի վեր մեր տարածաշրջանը գեյզերների հովիտ է հիշեցնում, որտեղ այս ու այնտեղ պարբերաբար ժայթքումներ են տեղի ունենում։ Միայն ոչ թե տաք ջուր ու գոլորշի է ժայթքում, այլ՝ մեր զինվորների արյունը։ Ժողովուրդները, որոնց ներկայացուցիչներն այսօր հավաքվել են այս դահլիճում, անմիջականորեն գիտեն պատերազմի ու խաղաղության գինը. մեր պապերն ու նախապապերը կռվել են կողք-կողքի, ուս-ուսի, իսկ որոշ դեպքերում՝ մեր հայրերն ու եղբայրները կռվել են միմյանց դեմ: Բայց մենք՝ բոլորս, խաղաղություն ենք ուզում։ Բայց թե ի՞նչ գնով։ Համոզված եմ, որ Ձեզանից ոչ ոք իր երկրին խաղաղություն ցանկանալիս անգամ իր մտքով չի անցկացնում ստիպողական, պարտադրված խաղաղությունը: Այս տեսակ խաղաղության խնդիրը կայանում է ոչ միայն նրանում, որ այն անարդար է, այլ նաև ոչ երկարատև:

Մենք դարձել ենք ականատեսը պատմական իրադարձությունների, իսկ հաշվի առնելով այն փաստը, որ մենք՝ բոլորս, պետական ինստիտուտների ներկայացուցիչներ ենք, ինչ-որ առումով նաև դրանց կերտողը. մեզ բոլորիս ծանոթ աշխարհակարգը քանդվում է, և դեռ պարզ չէ, թե ինչպիսին կլինի այն ապագայում։ Պատմական այս փուլում մենք հնարավորություն ունենք հիմք դնելու «Խաղաղ Հարավային Կովկաս» անվամբ հարատև կառույցի կամ ընտրել հակամարտությունների այնպիսի լուծումներ, որոնցում հաշվի չի առնվում ազգերի ինքնորոշման հիմնարար իրավունքները։ Նման որոշումը նման է արնահոսող վերքը դիմահարդարման հաստ շերտով ծածկելուն՝ վերքը չի լավանա, իսկ ցավը միայն կուժեղանա։

Իմ ժողովրդի համար անցած մի քանի տարիները հեշտ չէին։ Բայց նույնիսկ ամենավատ մղձավանջային երազում ես չէի կարող պատկերացնել, որ միակ ճանապարհը, որը Լեռնային Ղարաբաղը կապում է արտաքին աշխարհի հետ, պարբերաբար կփակվի։ Ես չէի կարող պատկերացնել, որ ստիպված կլինեմ հետևել լրահոսին՝ իմանալու համար, թե արդյոք կարող եմ այցելել Արցախում բնակվող իմ քույրերին և եղբայրներին։ Իսկ երեկվանից Ադրբեջանը նաև դադարեցրել է Արցախի գազամատակարարումը։ Այս տեսակ դիվանագիտությունը, որն իրականացվում է հումանիտար աղետի սպառնալիքի ներքո, ինձ համար անընկալելի է։ Ես հուսով եմ, որ այս խնդիրն իր վերջնական և հարատև լուծումը կստանա Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի և դիվանագիտական կորպուսի ջանքերի շնորհիվ։

Համոզված եմ, որ այս միջոցառման կազմակերպիչները, և, ընդհանրապես, մենք՝ բոլորս, կցանկանայինք այսպես կոչված «հաջողության պատմություն» արձանագրել՝ ԱՊՀ երկրների խորհրդարանականների փոխգործակցության շոշափելի արդյունք մեր համաժողովի շրջանականերում։ Այսպիսով, ես հանդես եմ գալիս առաջարկով, որը հնարավորություն կտա մեզ հենց նման արդյունք արձանագրել։

Ընթացիկ տարվա ամռանը ես նամակ հղեցի Ադրբեջանի Միլի Մեջլիսի խոսնակին՝ առաջարկով հնարավորության տալ ինձ այցելել Բաքվի բանտերում գտնվող իմ հայրենակից ռազմագերիներին, ովքեր եռակողմ համաձայնագրի խախտմամբ, որը ստորագրվել էր այդ թվում նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից, մինչ օրս ազատ չեն արձակվել։ Իմ առաջարկը մինչև հիմա անպատասխան է մնացել։ Թույլ տվեք միջխորհրդարանական ֆորումի այս հարթակից օգտվելով՝ ևս մեկ անգամ բարձրաձայնել այդ ցանկությունը՝ հուսալով, որ Ադրբեջանի օրենսդիրները վերջինս կփոխանցեն իրենց խոսնակին, իսկ ԱՊՀ մյուս երկրների մեր գործընկերները կկարողանան որպես միջնորդ հանդես գալ մարդասիրական այս առաքելությանը։

Շնորհակալություն ուշադրության համար, և խաղաղություն մեզ բոլորիս»,- հայտարարել է Մամիջանյանը: