24.11.2024
Արցախում հրավիրվելու է Անվտանգության խորհրդի և Ազգային ժողովի նիստեր
prev Նախորդ նորություն

Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է արել բացել Լաչինի միջանցքն առանց նախապայմանների

Ֆրանսիան կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով երթեւեկությունն առանց նախապայմանների։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ երեքշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


«Ֆրանսիան կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի մատակարարումն առանց որևէ պայմանի՝ հարգելով այնտեղ բնակվող բնակչության իրավունքները»,- ասվում է կոմյունիկեի մեջ։


Փարիզը նաև հիշեցրել է «հրադադարի մասին եռակողմ հայտարարության դրույթների պահպանման անհրաժեշտությունը, որն ընդունվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին»։ «Ադրբեջանը պարտավորվել է երաշխավորել Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտի և ապրանքների տեղաշարժի անվտանգությունը»,- ասված է Ֆրանսիայի նախարարության հաղորդագրության մեջ։


VERELQ-ը հիշեցնում է, որ քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, ովքեր ներկայացել են իբրև բնապահպաններ, դեկտեմբերի 12-ի առավոտյան փակել են Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը՝ Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։


Նախօրեին Երևանի կենտրոնում գտնվող ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ընդդիմադիր երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել։ Ցուցարարները պահանջում էին քաղաքական գործիքների կիրառում Լաչինի միջանցքն ապաշրջափակելու համար։


Պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտը հայտարարեցին, որ Արցախը կանգնած է հումանիտար աղետի շեմին և կոչ արեցին միջազգային հանրությանը պահանջել Բաքվից կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ համաձայնագրով ստանձնած պարտավորությունները։