22.11.2024
Քննարկվում է Լաչինի հարցով միջազգային իրավական մեխանիզմների գործարկման հնարավորությունը
prev Նախորդ նորություն

Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարը նամակ է ուղարկել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին

Դեկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը գրություն է ուղարկել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին՝ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման և դրա հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար աղետի կապակցությամբ։


Նամակում նշվում է, որ Ադրբեջանը ոտնահարել է Լեռնային Ղարաբաղում բնակվող մոտ 120.000 անձանց հիմնարար իրավունքները, որոնց թվում են երեխաներ, ծերեր, հաշմանդամություն ունեցող անձինք և կանայք։


Փաստաթղթում ընդգծվում է, որ Ադրբեջանը չի հարգում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթները, որը երաշխավորում է բոլորի, այդ թվում՝ հակամարտության գոտում բնակվող անձանց ապրելու, ազատ տեղաշարժվելու և անվտանգության իրավունքի պաշտպանությունը։
Այդ համատեքստում կոչ է արվում․


- կիրառել Եվրոպայի խորհրդի ամբողջ գործիքակազմը` վերացնելու Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակչության անօրինական և անմարդկային շրջափակումը,


- Եվրոպայի խորհրդի դիտորդական առաքելություն ուղարկել տվյալ տարածք՝ կանխելու Կոնվենցիայի հետագա խախտումները,


- կասեցնել կազմակերպությունում Ադրբեջանի ներկայացուցչության իրավունքները՝ Ադրբեջանի կողմից Եվրոպայի խորհրդի Կանոնադրության 3-րդ հոդվածի խախտման պատճառով:


Գրության պատճեններն ի գիտություն ուղարկվել են նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահին, Մարդու իրավունքների հանձնակատարին և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարին։