23.11.2024
Ժաննա Անդրեասյանը նշանակվեց ԿԳՄՍ նախարար
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կենսաթոշակային բարեփոխման ընթացքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ֆրանսիական «Ամունդի Գրուպ» ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Բերնար դը Վիթին և նրա գլխավորած պատվիրակությանը:


Վարչապետը կարևորել է «Ամունդի Գրուպ»-ի ներգրավվածությունը Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի կառավարման գործընթացում՝ ի դեմս «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ընկերության: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կենսաթոշակային բարեփոխման ընթացքին և նշել, որ ՀՀ տնտեսական աճի ընթացիկ դինամիկան թույլ է տալիս ներդրումային նոր ծրագրերի իրականացմամբ բարձրացնել բարեփոխման արդյունավետությունը:


Բերնար դը Վիթը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին բարձր գնահատականի, արդյունավետ փոխգործակցության համար և նշել, որ «Ամունդի Գրուպ»-ը հետաքրքրված է շարունակելու հանրության, պետության և կենսաթոշակային համակարգի համար շահավետ նախագծերի իրականացումը:


Հանդիպմանը քննարկվել են կենսաթոշակային բարեփոխման տնտեսական, սոցիալական և ֆինանսական բաղադրիչների իրականացմանը վերաբերող հարցեր: Վարչապետին տեղեկատվություն է ներկայացվել «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ընկերության կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի գործունեության, եկամտաբերության և ընթացիկ արդյունքների վերաբերյալ: Մտքեր են փոխանակվել ֆինանսական շուկայի զարգացման, ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացման, սոցիալական բարեկեցության ապահովման և մի շարք այլ ուղղություններով իրականացվող համատեղ ծրագրերի շուրջ:


Նիկոլ Փաշինյանը կարևորել է հանրության հետ ակտիվ հաղորդակցությունը, որը կնպաստի հանրային իրազեկվածության, հաշվետվողականության շարունակական բարձրացմանը և կենսաթոշակային բարեփոխման արդյունավետ իրականացմանը: