Լինել համբերատար, միասնական, խուճապի չմատնվել. Արայիկ Հարությունյանի հորդորը
Դեկտեմբերի 13-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ արտահերթ նիստ: Նիստին ներկա էր Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
Օրակարգում Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ ներկայացված Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունն էր՝ «Արցախի Հանրապետոթյան ժողովրդին սպառնացող հումանիտար աղետը կանխելու մասին» խորագրով:
Հայտարարության տեքստը ներկայացրել է պատգամավոր Գեղամ Ստեփանյանը։ Օրակարգային հարցը քննարկվել էր գլխադասային հանձնաժողովի նիստում և դրական եզրակացությամբ ներկայացվել արտահերթ նիստի քննարկմանը։
Իր ելույթում ԱՀ նախագահը տվել է առկա իրավիճակի գնահատականը՝ Ադրբեջանի կողմից ԱՀ –ն ՀՀ-ին կապող միակ միջպետական մայրուղու փակումը որակելով որպես պետականորեն հստակ պլանավորած միջոցառում :
ԱՀ նախագահը ԱԺ-ի հայտարարությամբ ակնկալում է ՀՀ-ի և Սփյուռքի մեր հայրենակիցների ներուժի և հնարավորությունների օգտագործումը ՝ բարձրաձայնելու Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության մասին հարցը:
Խոսելով Արցախում ստեղծված ճգնաժամային իրավիճակից՝ Արայիկ Հարությունյանը հորդորել է լինել համբերատար, միասնական, խուճապի չմատնվել:
Մտքերի փոխանակությամբ հանդես են եկել պատգամավորներ Դավիթ Իշխանյանը, Արթուր Հարությունյանը և Մետաքսե Հակոբյանը:
Պատգամավորների ելույթներում շեշտադրումը մեկն էր՝ միասնական կամքի դրսևորում:
Հայտարարության տեքստը ընդունվել է միաձայն: