Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի հայտարարությունը Արցախի ժողովրդին սպառնացող հումանիտար աղետը կանխելու մասին.  
"Խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի` Լեռնային Ղարաբաղում ռազմական բոլոր գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության դրույթները, երեկ՝ դեկտեմբերի 12-ին, մի խումբ այսպես կոչված բնապահպաններ ու լրագրողներ կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, ինչը  շարունակվում է մինչ այժմ: Պաշտոնական Բաքվի կողմից անմիջականորեն կազմակերպված այս սադրիչ գործողությունները միտված են Արցախը հայաթափելու, այն իր կազմի մեջ բռնի կերպով ընդգրկելու մշակված ծրագրերի իրականացմանը:
2020թվականի նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանը, արհամարելով իր իսկ կողմից ստորագրած Եռակողմ հայտարարությունը, ապօրինի կերպով զավթել է Արցախի Հանրապետության բազմաթիվ տարածքներ, պարբերաբար գնդակոծել հայկական բնակավայրերը, սպանել և ահաբեկել խաղաղ բնակչությանը` ամեն կերպ խաթարելով նրա բնականոն կենսագործունեությունը: Իբրև «բնապահպաններ ներկայացողների պահանջները և գործողությունները զուրկ են փաստարկված հիմնավորումներից,  քանի որ, Արցախի Հանրապետության կողմից նախորդ 30 տարիներին հարևան ադրբեջանական տարածքների ու այնտեղ ապրող բնակչության հանդեպ որևէ էկոլոգիական սպառնալիք չի արձանագրվել, ինչը խոսում է ԱՀ` որպես պատասխանատու և միջազգային իրավունքի նորմերը հարգող սուբյեկտի մասին:
ԱՀ ԱԺ-ն փաստում է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունների այս գործելաոճը  ձեռք բերված պայմանավորվածությունների, միջազգային պարտավորությունների, միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի կոպտագույն  խախտում է, որը սպառնում է Արցախին հումանիտար ճգնաժամով՝ ցեղասպանության եզրին հասցնելով  մեր ողջ ժողովրդին:  
Հայաստանի Հանրապետության իշխանություններիը , պարտավոր են ձեռնարկել առարկայական և գործուն քայլեր ` Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև անխափան ցամաքային կապի վերականգման և Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքների պաշտպանության նպատակով: 
Ակնկալում ենք ՌԴ-ից` որպես 2020թ. նոյեմբերի 9-ի  եռակողմ հայտարարության կողմ և տարածաշրջանում խաղաղության ու  կայունության  երաշխավոր, անհապաղ միջոցներ ձեռնարկել սանձելու Ադրբեջանի առավելապաշտական նկրտումները, որոնք կասկածի տակ են դնում արցախահայության գոյության և իր հայրենի հողում ապրելու իրավունքը , ինչպես նաև Ռուսական խաղաղապահ առաքելության հեղինակությունը:
Կոչ ենք անում միջազգային կառույցներին և ՄԱԿ ի անդամ երկրներին դատապարտել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը , իսկ կանխարգելման նպատակով հրատապ հրավիրել ՄԱԿ ի Անվտանգության խորհրդի նիստ ՝ գործնական քայլեր կիրառելու համար: 
Դիմում ենք  Հայաստանի և Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ օգտագործել բոլոր հնարավորությունները` տարբեր հարթակներում բարձրաձայնելու Ադրբեջանի կողմից Արցախում ստեղծված հումանիտար աղետի մասին, տեր կանգնելու արցախահայության իրավունքների պաշտպանությանն ու պատրաստ լինելու այդ ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ իրականացնելու: 
Սիրելի հայրենակիցներ 
Մեր պայքարը շարունակական է, հայրենի հողում ապրելու կամքը՝ անկոտրում":
13 դեկտեմբերի, 2022թ.
ք, Ստեփանակերտ