ԱՄՆ-ն ամենաբարձր մակարդակում աջակցում է հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին. Ռիկեր
Երևանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարության կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիկերը տեսաուղերձով է հանդես եկել՝ նշելով, որ պաշտոնը ստանձնելուց հետո սա իր երկրորդ այցն է Հայաստան: Տեսաուղերձում Ռիկերն ասում է, որ շարունակում է տպավորված լինել ընդհանուր ժողովրդավարական արժեքների նկատմամբ Հայաստանի հանձնառությամբ՝ ի հեճուկս երկրի առջև ծառացած մարտահրավերների:
«Այս հանձնառությունը ներկայացնում է Հայաստանի և ողջ Հարավային Կովկասի ապագան: Ես շնորհակալ եմ այն կարևոր ու արդյունավետ հանդիպումների համար, որ ունեցա կառավարության, մասնավորապես՝ վարչապետ Փաշինյանի, արտգործնախարար Միրզոյանի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և այլ շահագրգիռ կողմերի հետ այստեղ՝ Երևանում: Նմանօրինակ հանդիպումներ ունեցել եմ շաբաթվա սկզբում Բաքվում, ինչպես նաև Թբիլիսիում: Միացյալ Նահանգներն ամենաբարձր մակարդակում՝ ի դեմս պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի, ներգրավված է և աջակցում է հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին: Մենք հանձնառու ենք Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ ապագայի ապահովմանը»,-ասում է նա:
Դիվանագետի համոզմամբ՝ շարունակական ուղիղ երկխոսությունը, այսինքն` ոչ թե ռազմական գործողությունը, այլ դիվանագիտությունը, առանցքային է խնդիրների կարգավորման և տևական խաղաղության հասնելու հարցում:
«Բոլորս էլ գիտակցում ենք, որ սա դյուրին չէ, սակայն ես ցանկանում եմ կրկնել պետքարտուղար Բլինքենի դիտարկումը արտգործնախարարներ Միրզոյանի և Բայրամովի հետ հանդիպման ժամանակ. նա ասաց՝ Միացյալ Նահանգները հանձնառու է անել ամեն ինչ՝ աջակցելու կայուն խաղաղության հաստատման ձեր ջանքերին»,-եզրափակում է խոսքը Ֆիլիպ Ռիկերը: