ԼՀԿ-ն, ՀՎԿ-ն ու ԲՀԿ-ն պատրաստվում են «թռցնել» ՀՀԿ քաղաքապետի թեկնածուին
«Հայկական վերածնունդ» կուսակցությունը Վանաձորի քաղաքապետի ընտրություններում աջակցելու և պաշտպանելու է «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված Քրիստ Մարուքյանի թեկնածությունը: Այս որոշումը կամրագրվի «Հայկական վերածնունդ» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների միջև հետագա քաղաքական համագործակցության վերաբերյալ համաձայնագրով:
Կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին և «Լուսավոր Հայաստան» կուսակցության Վանաձոր քաղաքի ավագանիների ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանին: Ավելի ուշ այդ բանակցություններն ու վերջին օրերի զարգացումները Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է ՀՎԿ կառավարման խորհրդի արտահերթ նիստի քննարկմանը:
«Քննարկման արդյունքում, վերահաստատելով «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի մշտապես հնչեցրած թեզը, որ Հայաստանում պետք է ձևավորվեն իրական քաղաքական կոալիցիաներ, երբ դրանցում ընդգրկված քաղաքական ուժերը պետք է վճռորոշ ազդեցություն ունենան որոշումների կայացման վրա,
Հիմք ընդունելով «Հայկական վերածնունդ» կուսակցության նախկինում արված հայտարարություններն առ այն, որ Հայաստանում անհրաժեշտ է ընդդիմադիր քաղաքական ուժերի լայն կոնսոլիդացիա,
Հաշվի առնելով Վանաձոր քաղաքում տեղի ունեցած ավագանու ընտրությունների արդյունքում ընդդիմադիր և իշխանական քաղաքական ուժերի ստացած քվեների հարաբերակցությունը և նկատի ունենալով, որ ընտրությունների արդյունքում ընդդիմադիր քաղաքական ուժերը միասին ստացել են վանաձորցիների քվեների մեծամասնությունը,
Հաշվի առնելով և հարգելով վանաձորցիների կատարած ընտրությունը, ինչպես նաև կարևոր համարելով Հայաստանում փոփոխություններ կատարելու հրամայականը,
«Հայկական վերածնունդ» կուսակցությունը որոշում կայացրեց Վանաձորի քաղաքապետի ընտրություններում աջակցել և պաշտպանել «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված Քրիստ Մարուքյանի թեկնածությունն, ինչը կամրագրվի «Հայկական վերածնունդ» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների միջև հետագա քաղաքական համագործակցության վերաբերյալ համաձայնագրով»,- ասված է կուսակցության տարածված հաղորդագրության մեջ:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ևս նմանատիպ որոշումէ կայացրել: ՏԻՄ ընտրությունների հաջորդ օրն իսկ, երբ հայտնի դարձավ, որ առաջատար ՀՀԿ-ին, այդուհանդերձ, ձայները չեն բավարարում քաղաքապետ ընտրելու համար, ԲՀԿ-ն հայտարարեց, որ բացառում է իր ձայները ՀՀԿ-ին տալը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ ԲՀԿ-ն ևս կսատարի Քրիստ Մարուքյանին:
«Հոկտեմբերի 2-ին Վանաձոր քաղաքում կայացած ՏԻՄ ընտրությունները կարող են դնել Հայաստանում որակական փոփոխությունների սկիզբը։ Ընտրություններից անմիջապես հետո Լուսավոր Հայաստան կուսակցության և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջև համագործակցության վերաբերյալ ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը կարող էր արդյունավորվել, եթե «Լուսավոր Հայաստանին» միանալու առաջարկին միանար «Հայկական Վերածնունդ» կուսակցությունը։ ՀՎԿ-ն հայտարարել է, որ ընդունում է Լուսավոր Հայաստան կուսակցության առաջարկը պաշտպանելու Լուսավոր Հայաստան կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանի թեկնածությունը և Հայաստանի երրորդ քաղաքում իրականացնելու համագործակցային կառավարում, որն ըստ էության նոր մշակույթ է Հայաստանի քաղաքական պատմության մեջ։
Տեղեկացնում ենք, որ երեք կուսակցությունների միջև առաջիկայում կստորագրվի համագործակցության հուշագիր, որը կվերաբերի Վանաձոր քաղաքի համագործակցային կառավարմանը` հիմնված քաղաքի համաչափ զարգացման, արդյունավետ և թափանցիկ կառավարման սկզբունքների վրա»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Վանաձորի նորընտիր ավագանու առաջին նիստը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին: