Անցակետերը տեղադրված են, մինչդեռ բանակցությունները Բաքվի հետ շարունակվում են
Ինչպես կարող են ադրբեջանցիների համար մեր երկրով տեղաշարժի համար անցակետեր տեղադրված լինեն, եթե ճանապարհների հարցը դեռ որոշված չէ՞: Այս հարցը Կառավարության նիստից հետո լրագրողները ուղեցին ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին:
Վերջինս արձագանքեց, թե ամեն ինչ պարզաբանված է, այդ առումով որևէ այլ բան չկա ասելու:
Հիշեցնենք, ավելի վաղ հայտարարվել էր, թե արդեն երեք անցակետ պատրաստ է։
Լրագրողի դիտարկմանը, որ եթե բանակցությունները Բաքվի հետ դեռ շարունակվում են, ապա որքանո՞վ է իշխանությունը վստահ հենց այդ ուղիների վրա, որտեղ անցակետերը տեղադրվել են, Բադասյանը միայն ասաց՝ եթե նորություն լինի այդ հարցով, ապա ինքը կտեղեկացնի։
Նաև անպատասխան մնաց հարցը, թե արդյոք լրագրողների համար շրջայց կազմակերպվելու է այդ անցակետերում, թե ոչ:
VERELQ-ը հիշեցնում է, որ հոկտեմբերի 17-ին Twitter-ի իր միկրոբլոգում վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել էր, որ Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետերի բացման վերաբերյալ որոշման նախագիծը մի քանի ամիս է պաշտոնապես շրջանառվում է: Նա ավելացրել էր, որ Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին։