27.11.2024
Բաբայանը Արցախի փրկության գաղափարի շուրջ միավորվելու կոչ է արել նախկին նախագահներին
prev Նախորդ նորություն

Կհանձնի Արցախը, որ «փրկի» կյանքեր․ երկրորդ կապիտուլյացիային սպասելիս. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․


Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Պրահայում՝ Եվրոպական քաղաքական համայնքների առաջին գագաթնաժողովի շրջանակներում, նախատեսվում է վարչապետ Փաշինյանի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Սա նրանց առաջին հանդիպումն է լինելու: Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը քառակողմ ձեւաչափով հանդիպում կունենա Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահի եւ Իլհամ Ալիեւի հետ։ Երեկ Ազգային ժողովում ավանդական հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը, ըստ էության, անոնսեց, թե ինչ սպասեն հայ հանրությունը, արցախահայությունն այդ հանդիպումներից։


Դատելով խորհրդարանում հնչեցրած ելույթից՝ Փաշինյանը վճռական է տրամադրված խաղաղության պայմանագիրը ստորագրելու հարցում եւ դա պատրաստ է անել անգամ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու գնով։ Սակայն երեկ նա, իր սովորույթի համաձայն, փորձեց այս դրվագն էլ գցել նախկինների «գրպանը»՝ հայտարարելով, թե «Հայաստանն Ադրբեջանի մաս» ճանաչվել է Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք․ «Այո, Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, եւ դա իրականացվել է Վարդան Օսկանյանի հեղինակությամբ։ Այն պահին, երբ Հայաստանն ընդունել է Մադրիդյան սկզբունքները` որպես բանակցությունների հիմք, այդ պահից սկսած՝ ճանաչել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմում»։ Իսկ Սերժ Սարգսյանն էլ, պարզվում է, սեղանին թողել է կապիտուլյացիայի փաստաթուղթն ու հեռացել․ «Սերժ Սարգսյանն ու Էդուարդ Նալբանդյանն այդ ժառանգությունն ընդունել են` որպես իշխանություն ստանձնելու նախապայման»։ Փաշինյանն ասաց, թե ինքն ու իր իշխանությունը չորս տարի շարունակ փորձել են ետ պտտել այդ որոշումները, իբր՝ վերացնել հետեւանքները, ավաղ, չի ստացվել, ուստի պարտադրված են գնալ եւ խաղաղության պայմանագիր ստորագրել` Արցախի կորստյան գնով։

«Ես հաստատում եմ, որ այն, ինչ ասել եմ իմ վերջին հարցազրույցում, այդ բանաձեւով խաղաղության օրակարգն իրագործելու պատասխանատվություն եմ ստանձնում ես։ Ակնկալում եմ խորհրդարանական մեծամասնության ու ժողովրդի աջակցությունը՝ այս օրակարգը կյանքի կոչելու համար։ Ես գնում եմ այդ ճանապարհով, ես գնալու եմ այդ ճանապարհով։ Բայց այստեղ նորությունն այն է, որ վերջին շրջանի բանակցությունների արդյունքում ես իրոք տեսնում եմ ճանապարհ, ճանապարհ գնալու։ Ես համոզված եմ, որ ոչ միայն ես, այլ մենք ենք պատրաստ այդ ճանապարհով գնալու։ Ես նկատի ունեմ ոչ միայն խորհրդարանական ընդդիմությանը, այլեւ՝ ժողովրդին»,- հայտարարեց նա։


Խոսքի ենթատեքստում նշմարվեց, որ սահմանին ունեցած մեր վերջին զոհերն են եւ հերթական զոհեր չտալու` ժողովրդի ցանկության գիտակցումը: Հիշեցնենք, որ վերջին հարցազրույցում Փաշինյանն ասել էր, որ Հայաստանը եւ Ադրբեջանը կարող են եւ պետք է փոխադարձաբար ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, որ Ղարաբաղի հարցը պետք է տարանջատել 2 երկրների միջեւ կնքվելիք խաղաղության պայմանագրից: Նաեւ՝ Ղարաբաղի հարցով բանակցողը պետք է Արցախը լինի։


Բնականաբար, ուսապարկերից եւ ոչ մեկի մոտ հարց չառաջացավ՝ եթե Արցախը դեռ 2007 թվականին է ճանաչվել Ադրբեջանի մաս, ինչո՞ւ մինչ օրս Ադրբեջանը չի համաձայնել այդ փաստաթղթին եւ ուրախությամբ չի ստորագրել Արցախն իր կազմում ճանաչելու Հայաստանի առաջարկը։ Եվ ինչպե՞ս պատահեց, որ նա 2018-20 թվականների միջակայքում մի անգամ գոնե չի նշել, որ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն իրեն այսպիսի բաց փաստաթղթեր են թողել, որտեղ միայն ստորագրությունն է պակասում, եւ ինքն այլ ելք չունի` բացի ստորագրելը:


Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանը, նախքան այս բոթը կհայտներ, Հայաստանի Հանրապետության շուրջ իրադրությունը գնահատեց «կայուն լարված», թերեւս, որպեսզի 44-օրյա պատերազմի սցենարով հետո արդարանա, թե ստորագրել է կյանքեր փրկելու հաշվարկով։ Ապա տողատակերում ընդգծեց, որ գործընթացը լինելու է հավաքական Արեւմուտքի քավորությամբ, որ Արեւմուտքի ջանքերը եւ նրանց միջնորդությամբ տեղի ունեցած վերջին հանդիպումներն են «բանակցությունների որոշակի տարածք բացել»:


Նշենք, որ Փաշինյանի այս հայտարարությունից ժամեր առաջ էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն էր ասել, որ Հայաստանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործընթացը երկար չի տեւի: «Մենք որոշակի լավատեսություն ունենք խաղաղության գործընթացի հարցում, քանի որ վերջերս՝ մի քանի օր առաջ, տեղի է ունեցել Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը՝ խաղաղության պայմանագրի նախագծի նախապատրաստման օրակարգով այդ կարգի առաջին հանդիպումը։ Հուսով ենք, որ խաղաղության պայմանագիրը երկար չի տեւի»,- ասել էր նա եւ հայտարարել, որ Բաքուն չի պատրաստվում քննարկել Ղարաբաղի հարցը, քանի որ դա «Ադրբեջանի ներքին գործն է»։ Ալիեւը հավելել է, որ Ղարաբաղի հայ բնակչությունն Ադրբեջանի քաղաքացիներն են։


ՀԳ․ Երեկ ԱԺ-ում հարցուպատասխանն ի ցույց դրեց, որ Նիկոլ Փաշինյանը` իր ուսապարկերի հետ, երկրի թիվ մեկ քաղաքական մարմինը դարձրել է սեփական բոստանը` ո՛չ ռեգլամենտ պահպանվեց, ո՛չ «ԱԺ կանոնակարգ» օրենքը հարգվեց, ո՛չ քննարկում ու քննադատություն հնչեցին: Փաշինյանի խոսքը ոչ ոք չընդհատեց, եւ նա օրենքով սահմանվածից մի քանի անգամ ավելի ժամանակում փորձեց հիմնավորել հերթական զիջումները եւ այն հարմար տեղավորել նախկինների «գրպանում»։


Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում