22.11.2024
Փաշինյանի առաջարկը Ալիևին խայտառակ նոր զարգացումների մեկնարկի նախանշան է. քաղաքագետ
prev Նախորդ նորություն

"Հայաստանն ու Սաուդյան Արաբիան ինչո՞ւ ունեն միմյանց կարիքը նոր աշխարհակարգում". Arab News

ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը հրապարակել է՝ "Հայաստանն ու Սաուդյան Արաբիան ինչո՞ւ ունեն միմյանց կարիքը նոր աշխարհակարգում"  Arab News-ի հոդվածը, որը ներկայացնում ենք ստորև.

"2021 թվականի հոկտեմբերին Հայաստանի՝ այն ժամանակվա նախագահ Արմեն Սարգսյանի այցը Սաուդյան Արաբիա պատմական շրջադարձ էր երկու երկրների միջև հարաբերություններում, որոնք Խորհրդային Միության փլուզումից և 1991 թվականին Հայաստանի անկախության վերականգնումից հետո չէին կարողացել դիվանագիտական հարաբերություններ հաստատել։ 30 տարիների ընթացքում այս առաջին պաշտոնական այցը Հայաստանի համար աննախադեպ արտաքին քաղաքական զարգացում էր, որը կարևոր խթան հաղորդեց երկրի մերձավորաևելյան դիվանագիտական ուղղությանը։ Այս մասին ծավալուն հոդված է հրապարակել Սաուդյան Արաբիայի ամենահեղինակավոր պարբերականներից մեկը՝ Arab News-ը։

«Սաուդյան Արաբիայի համար այս այցը կարող է կարևոր քայլ լինել Կովկասյան տարածաշրջանում իր դիրքերի ամրապնդման տեսանկյունից՝ համաշխարհային քաղաքականության մեջ բազմաբևեռ աշխարհակարգի աճող մրցակցության պայմաններում։ Այս հոդվածն ուսումնասիրում է ընդհանուր շահերի շրջանակը, որոնք կարող են ամուր հիմք ծառայել արաբական ու իսլամական աշխարհի առաջատար ուժի՝ Սաուդյան Արաբիայի և Կովկասի փոքր, սակայն հավակնոտ ու ապագային միտված պետության՝ Հայաստանի միջև կայուն և ռազմավարական երկարաժամկետ համագործակցության համար։ Իսկ Հայաստանը, ունենալով Թագավորության աջակցությունը, կարող է ձգտել զարգացնել «փոքր, բայց խելացի պետություն» ռազմավարությունը»,- ասվում է հոդվածում։

Հեղինակները նշում են, որ բոլոր ակադեմիական ու վերլուծական շրջանակները, որոնք փորձ են արել բացատրել երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, գրեթե միաձայն համաձայնել են, որ դրա հիմնական պատճառը Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած հակամարտությունն էր, որտեղ Սաուդյան Արաբիան իր աջակցությունն էր ցուցաբեում Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ Ադրբեջանին։ Որպես փաստարկներ բերվում էին նաև այն, թե այս հակամարտությունն իբր ուներ կրոնական բնույթ՝ «մուսուլմանական Ադրբեջանն ընդդեմ քրիստոնյա Հայաստանի» կամ այն, որ Սաուդյան Արաբիայի դիրքորոշման հարցում մեծ դեր ունեին Հայաստանի և Իրանի սերտ կապերը։ Այդուհանդերձ, մանրակրկիտ վերլուծությունը ցույց է տալիս, որ այս տեսակետները հիմնված էին ոչ թե փաստերի վրա, այլ ավելի շատ՝ մեկնաբանությունների վրա: Հոդվածագիրները մատնանշում են նաև, որ նախորդ տարիների անգործության հետևանքով առաջացած բացերն անհրաժեշտ է փակել կոնկրետ գործողություններով: «Նախ և առաջ, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն աշխարհի ամենաբարդ էթնո-քաղաքական վեճերից է՝ հիմքում ընկած բարդ և բազմաշերտ գործընթացներով ու գերտերությունների ներգրավմամբ։

Որպես խորհրդային գաղութային անցյալի ժառանգություն, նման Ուկրաինայում, Հարավային Օսիայում, Աբխազիայում, Մերձդնեստրում առկա հակամարտություններին, Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը, մեծամասամբ իր հայ բնակչությամբ, շարունակում է պայքարել հանուն խաղաղ ու արժանապատիվ ապագայի։ Այս հակամարտությունը չպետք է խաթարի Հայաստանի պաշտոնական հարաբերություններն այլ երկրների, այդ թվում և Սաուդյան Արաբիայի հետ, որը կարող է կարևոր միջնորդի դեր խաղալ և ամուր ներկայություն ունենալ Հարավային Կովկասում»,- նշում են հեղինակները՝ ընդգծելով, որ Սաուդյան Արաբիան պաշտպանում է պաղեստինցիների ինքնորոշման իրավունքը՝ իրավունք, որի համար պայքարում է նաև Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը։

Հոդվածում նրանք ընդգծում են, որ Իսլամական համագործակցություն կազմակերպության անդամ են նաև Թուրքիան ու Իրանը, որոնց հետ Սաուդյան Արաբիան ունի զգուշավոր հարաբերություններ, ինչը, սակայն, չի խոչընդոտել, որ նրանց հետ երկիրը դիվանագիտական կապեր հաստատի։ «Երրորդը, հայ-իրանական հարաբերությունների բնույթը Սաուդյան Արաբիայի կողմից չափազացված է, քանի որ չունի ռազմավարական խորություն և չի պարունակում ռազմական կամ անվտանգային տարրեր»,- գրում են հեղինակները՝ փաստելով, որ հայ-իրանական կապերը մեծամասամբ հիմնված են առևտրի և ենթակառուցվածքային հարաբերությունների վրա։

Arab News-ի հոդվածում հերքվում է նաև վարկածը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ունի կրոնական բնույթ։

Հեղինակները եզրակացնում են, որ Հայաստանում որոշում կայացնող անձինք պետք է ավելի մեծ հետևողականություն և պրոակտիվ վարքագիծ դրսևորեն և սկսեն ռազմավարական հարաբերություններ կառուցել Ռուսաստանից բացի այլ երկրների, ինչպես օրինակ՝ Սաուդյան Արաբիայի հետ։

«Երևանի վերջին առաջարկը՝ աջակցելու Սաուդյան Արաբիային՝ հյուրընկալելու World Expo 2030-ը, հիմք կարող է լինել ընդլայնելու ռազմավարական գործընկերության հարցում գործնական ներգրավման սահմանները։ Արդյունավետ մեկնարկ կարող է լինել նաև համագործակցության հաստատումը Հայաստանի և Սաուդյան Արաբիայի համալսարանների, վերլուծական կենտրոնների ու գործարար շրջանակների միջև։

Երկրորդը, իր հերթին Թագավորությունը պետք է ավելի քիչ երկմտի և հաստատակամ լինի Երևանի հետ համապարփակ երկխոսություն հաստատելու գործում»,- գրում են հեղինակները՝ ընդգծելով, որ Հայաստանն ու Սաուդիան Արաբիան շատ բան ունեն առաջարկելու մեկը մյուսին։ Նրանք նշում են, որ աշխարհաքաղաքական տեսանկյունից՝ Սաուդյան Արաբիայի ներկայությունը Կովկասում և մասնավորապես Հայաստանում, կարող է որոշիչ գործոն լինել։


«Երևանում Սաուդյան Արաբիայի, իսկ Ռիադում Հայաստանի դեսպանության բացումը և սաուդյան ներդրումների ներհոսքը, ամրապնդված երկկողմ համաձայնագրերով, ոչ միայն կարող է բարելավել Կովկասում աշխարհաքաղաքական դինամիկան, այլև Թագավորությունը դարձնել արտատարածշարջանային դերակատարներից մեկը՝ նպաստելով Ռիադի դերի մեծացմանը՝ որպես միջազգային քաղաքականության առանցքային դերակատար»,- ասվում է հոդվածում։