Ակնկալում ենք, որ ադրբեջանական կողմից կարող են լինել սադրանքներ. Ալեն Սիմոնյան
Հայաստանի իշխանությունները ուշադիր հետևում են Ադրբեջանի բոլոր գործողություններին և պատրաստ են իրադարձությունների ցանկացած զարգացման։ Այս մասին սեպտեմբերի 12-ին հայտարարեց Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ոչ ոք թող չմտածի, թե քանի որ մենք խոսում ենք խաղաղության մասին, ապա բոլոր խնդիրները համարում ենք լուծված։ Մենք ակնկալում ենք, որ ադրբեջանական կողմից կարող են լինել սադրանքներ»,- ասաց նա։
Միաժամանակ բանախոսը հրաժարվեց կանխատեսել ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը։ «Ես իրավունք չունեմ նման կանխատեսումներ անել»,- մասնավորապես ասաց Սիմոնյանը։
Մեկնաբանելով հարցը, թե արդյոք Ադրբեջանի սպառնալիքներն ու սադրանքները կարող են ուղղված լինել Զանգեզուրի միջանցքի հարցում զիջումների, Սիմոնյանը նշեց, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կարմիր գիծ է հայկական կողմի համար, ինչի մասին բազմիցս ասվել է: Նա վստահեցրեց, որ այս հարցում զիջումներ չեն լինելու։
«Այս հարցը անսակարկելի է։ Բոլոր այն կետերը, որոնք կան նոյեմբերի 9-10-ի Եռակողմ հայտարարության մեջ, հայկական կողմը պատրաստ է կատարել, և մեծ հաշվով նույնիսկ կարելի է ասել, որ այն կատարում է։ Ադրբեջանական բեռները և քաղաքացիները կարող են Հայաստանի տարածքով գնալ Նախիջևան՝ ՀՀ օրենսդրության գործող նորմերին համապատասխան, ինչպես դա անում են Իրանի տարածքով տարածաշրջան մեկնելով»,- ընդգծեց բանախոսը։
Այս ճանապարհի հետ կապված միջանցքի կարգավիճակը ամրագրված չէ ո՛չ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության մեջ, ո՛չ էլ հայկական կողմի ստորագրած որևէ այլ փաստաթղթում, վստահեցրեց Սիմոնյանը, քանի որ այդ հարցը Երևանի համար կարմիր գիծ է։