Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը:
Նախքան օրակարգային զեկուցվող հարցերի քննարկումը՝ փոխվարչապետն անդրադարձել է կենսաթոշակների և նպաստների չափերի բարձրացմանն ուղղված որոշմանը, որը ընդգրկված էր կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում: Այսպիսով՝ գործադիրը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով կապահովվի կենսաթոշակների և նպաստների չափերը 3000 դրամով ավելացումը: Ըստ այդմ՝ առաջարկվում է 2022 թ. սեպտեմբերի 1-ից նվազագույն կենսաթոշակի, ծերության, հաշմանդամության (բացառությամբ հաշմանդամ երեխա ճանաչված անձանց նշանակված), կերակրողին կորցնելու դեպքում նպաստների) չափերը սահմանել 31600 դրամ, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի 1-ին խմբի հաշմանդամության կենսաթոշակի չափը՝ 46000 դրամ, 2-րդ խմբի հաշմանդամության կենսաթոշակի չափը՝ 36000 դրամ, 3-րդ խմբի հաշմանդամության, ինչպես նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակների չափերը՝ 33000 դրամ։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մանրամասներ է ներկայացրել ընդունված որոշման վերաբերյալ. «Ինչպես կառավարության նախորդ նիստի ժամանակ վարչապետը ներկայացրեց՝ նախատեսում ենք թոշակների բարձրացում մինչև առնվազն 3000 դրամով: Օգոստոսի 24-ի համապատասխան որոշմամբ՝ սեպտեմբերի 1-ից բազային կենսաթոշակի չափը սահմանվեց 21 հազար դրամ՝ 18 հազար դրամի փոխարեն: Իսկ նվազագույն կենսաթոշակի չափը 28 հազար 600 դրամի փոխարեն սահմանվեց 30 հազար 500 դրամ: Գործող բանաձևով և օրենքով՝ կենսաթոշակառուների որոշակի խումբ ավելի քիչ էր ստանում, քան 3000 դրամը, և մենք որոշեցինք բարձրացնել՝ նվազագույն կենսաթոշակի չափը հասցնելով 31 հազար 600 դրամի, որը կերաշխավորի, որ բոլոր կենսաթոշակառուները ստանան մեր խոստացած 3000 դրամը: Նախագծի ընդունման արդյունքում 16 հազար 600 կենսաթոշակառուների և 5186 զինկենսաթոշակառուների ու շուրջ 75 հազար նպաստառուների համար սեպտեմբերի 1-ից կավելանան կենսաթոշակն ու նպաստները: Այն խումբը, որոնց թոշակը մինչև այս որոշումը սահմանված օրենքով և բանաձևով բարձրացել էր 1900 կամ 2500 դրամով, հոկտեմբերի կենսաթոշակի հետ կստանա մնացած հատվածը: 75 հազար նպաստառուները ծերության նպաստ ստացողներն են, որոնց մոտ բարձրացումը տեղի է ունենում ոչ թե Կենսաթոշակառուների մասին օրենքով, այլ Նպաստառուների մասին օրենքով: Հետևաբար մենք որոշեցինք, որ նաև պետք է իրենց նպաստը բարձրացնենք, որպեսզի նվազագույն կենսաթոշակի չափին համահունչ լինի: Ընդհանուր առմամբ 97 հազար շահառուի համար սեպտեմբերի 1-ի կավելանան կենսաթոշակն ու նպաստները, որը նրանք կստանան հոկտեմբեր ամսվա թոշակի հետ միասին»:
Փոխվարչապետը կարևորել է ընդունված որոշումը և նշել, որ սոցիալական խնդիրների լուծմանը միտված կարևորագույն այս գործիքը տեղ է գտել ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրում: Համբարձում Մաթևոսյանը նշել է նաև, որ Կառավարության ծրագրով նախատեսվում է պարբերաբար պետական կենսաթոշակների չափերի բարձրացում՝ մինչև 2026 թվականը նվազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի միջին չափերը համապատասխանաբար պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին հավասարեցնելու նպատակով:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն անդրադարձել է նաև անկանխիկ գործարքներրի դեպքում կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրին՝ հայտնելով, որ միջոցառմանը, բացի ՎՏԲ Հայաստան, Արդշին և Հայբիզնես բանկերից, միացել է նաև ԱԿԲԱ բանկը։ Կենսաթոշակը կամ նպաստն ԱԿԲԱ բանկի կողմից թողարկված քարտերով ստացող շահառուների կողմից սեպտեմբերի 1-ից հետո կատարված անկանխիկ գործարքների դեպքում կհաշվարկվի հետվճար: «Հորդորում եմ մեր քաղաքացիներին, որ ակտիվորեն անկանխիկ գործարքներ անեն նաև ԱԿԲԱ բանկի քարտերի միջոցով»,-ասել է նախարարը: