24.11.2024
Հայաստանը կարող է դառնալ յուրօրինակ գիտական լաբորատորիա. Արմեն Գևորգյան
prev Նախորդ նորություն

Մամուլ. Ռուսները նոր ռազմաբազա են կառուցում Տավուշում

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ տարածքում ռուսական նոր ռազմաբազայի կառուցման մասին առաջին լուրերը հայտնվեցին հունիսի կեսերին, երբ կառավարությունը հերթական նիստում ընդունեց ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման վերաբերյալ 2012թ. հոկտեմբերի 3-ի արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշումը: Հիմնավորման մեջ նոր ռազմակայանի մասին խոսք չկա, այլ ասվում է, որ փոփոխվում են «ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերը» եւ ռուսաստանյան կողմին փոխանցվող հողատարածքների ու անշարժ գույքի կազմն ու իրավական հիմք հանդիսացող փաստաթղթերը: Բայց, ըստ էության, սա նոր ռազմաբազայի տեղաբաշխման մասին որոշում է, որի վերաբերյալ առանձին՝ թիվ 2 արձանագրություն է ստորագրվելու: Դրան հետեւելու է միջազգային պայմանագրի ստորագրումը, որը դեռ վերջնականապես մշակված չէ եւ պետք է վավերացվի խորհրդարանի կողմից, ապա ստորագրվի երկու պետությունների՝ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ: Այսինքն, ագրեսորների համար այնքան էլ հեշտ չի լինի նոր պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը՝ ռուսները կներգրավվեն այդ պատերազմում։ Եվ երկրորդ հանգամանքը կա՝ սրանով Ռուսաստանն իրավունքներ է ամրագրում եւ հայտ ներկայացնում տարածաշրջանում, գուցե նաեւ հող է նախապատրաստում նոր միության ձեւավորման համար։


Ռուսական ռազմաբազային փոխանցվող հողատարածքները Նոյեմբերյան եւ Բերդ խոշորացված համայնքի վարչական սահմաններում են: Մեր տեղեկություններով, դրանք տեղակայվելու են Այգեպար եւ Ոսկեպար բնակավայրերի, ինչպես նաեւ Նոյեմբերյան համայնքի տարածքում: Ըստ նախնական տեղեկությունների, այստեղ մոտ 2 հազար ռուս զինծառայող է բերվելու: «Չէ, դա չափազանցված թիվ է: Որքան գիտեմ, մի կետ Այգեպարում է, մեկն էլ մեզ մոտ են սարքելու: Շինարարական աշխատանքներ դեռ չեն կատարվում, ընդամենը հողային աշխատանքներ են առայժմ կատարվում: Կառավարության որոշումը եղել է հողերի վերաբերյալ, մենք էլ հատկացրել ենք»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը: Բնակիչներն իրենց ավելի՞ ապահով կզգան, եթե այդտեղ ռուսական զորք լինի, թե՞ ոչ։ «Չենք իմանում, թե նպատակն ինչ է, որ դրանից մեզ ավելի ապահով ենք զգալու, թե անապահով: Չգիտենք էլ՝ դա բազա՞ է, թե՞ ինչ է: Կարող ա պատահի՝ մի 30-40 մարդ կանգնեն, ու վերջ: Դա էնպիսի բան է, որ մեզ չեն էլ տեղեկացնի, ուղղակի կառավարության որոշում է, անում ենք։ Հիմա թե վերջում ինչ է ստացվելու, դա հետո կերեւա»,- ասաց Աղբալյանը:


Մյուս կետը, որտեղ տեղակայվելու է ռուսական զորքը, Բերդ խոշորացված համայնքում է, Այգեպար բնակավայրից ոչ հեռու գտնվող հին, չգործող օդանավակայանի տարածքում: ԽՍՀՄ ժամանակ այստեղից Як-40 օդանավերն էին թռչում, հայերն ու թուրքերն ակտիվ անցուդարձի մեջ էին: Այսօր հին օդանավակայանի տարածքում ակտիվ շինարարական աշխատանքներ են, ռուսական զորքի համար արագ հավաքվող, կոմպակտ շինություն է կառուցվում: Այգեպար բնակավայրի վարչական ղեկավար Արկադի Յամուկյանը չգիտի, թե արդյոք կարելի՞ է նոր կառուցվող օբյեկտի անունը ռազմաբազա դնել: «Մարդիկ չգիտեն, թե դա ինչ է: Ինչ-որ շինարարություն է գնում, բայց ռուսական է, թե հայկական է, ժողովուրդը չգիտի: Էդ հողը մի կիլոմետրից ավելի մեզնից հեռու է, մեր համայնքինը չի: Նենց չի, որ մենք համայնքային հող ենք ունեցել ու տվել ենք, օդանավակայանի տարածքն է»: Ըստ Արկադի Յամուկյանի, այսօր Այգեպարը խաղաղ է, կրակոցներ չկան, բայց պատճառն ամենեւին նոր ռազմաբազան չէ: «2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո մի հատ կրակոց էս կողմերում չի եղել: Մարդիկ, երեւի, հոգնել են կրակելուց, ոչ մի կրակոց չկա էս պահին»: Իսկ եթե ռուսական ներկայություն լինի, ավելի՞ հանգիստ կլինեն մարդիկ, որ պատերազմ չի լինի: «Իմ անձնական կարծիքով՝ այո, բնակիչները հանգիստ կլինեն, եթե այդտեղ ռուսական ներկայություն լինի: Նենց չի, որ մենք նախկինում վախից մեռել ենք: Կռիվ էր, կռվում հո փլավ չե՞ն բաժանում: Էս պահին ոչ մի վատ բան չենք տեսնում, խաղաղ է»,- ասաց համայնքապետը:


Ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը կարծում է, որ Տավուշում նոր ռազմաբազայի ստեղծումը չի կարող կանխել պատերազմի վտանգը: «Դա շատ մեծ է, իսկ Ռուսաստանի Դաշնության ազդեցությունը կտրուկ նվազել է, դրանից օգտվելու են»,- ասաց նա:


- Ինչո՞ւ է Ռուսաստանին պետք հրատապ կարգով նոր ռազմաբազա բացել այստեղ:


- Կա փաստ, որ Ռուսաստանն Աբխազիայից ու Հարավային Օսիայից զորքեր է հանում եւ ուղարկում կռիվ՝ Ուկրաինա: Այս պայմաններում, եթե ՌԴ-ն Տավուշում նոր ռազմակայան է բացում, նշանակում է՝ ցույց է տալիս, որ ինքը դեռեւս կա տարածաշրջանում, հարցեր է լուծում: Երեւի թե փորձում է հսկիչ դեր խաղալ:


- Ինչո՞ւ Նոյեմբերյանում, ոչ թե, ասենք, Սյունիքում, որտեղ խնդիր ունենք:


- Գյումրու 102-րդ ռազմաբազան Թուրքիայի սահմանին է, իսկ սա Ադրբեջանի Հանրապետության սահմանին է: Ռուսներին, կարելի է ասել, ձեռք չի տալիս պատերազմն այս տարածաշրջանում, նոր ցնցում այստեղ պետք չէ: Ռազմաբազայի տեղակայումն ազդանշան է, որ մենք այստեղ ենք, ՀԱՊԿ անդամ երկիր ենք, ինչը, սակայն, չի նշանակում, որ ՀԱՊԿ-ն կատարում է իր դերը մեր հանդեպ, որովհետեւ կան Իշխանասարի եւ Սեւ լճի ուղղությամբ տարածքներ, որտեղ ներխուժել է թշնամին:


- Մարդիկ ավելի ապահովագրված չե՞ն զգա պատերազմի վտանգից:


- Կզգան, ինչ-որ չափով չեղածից լավ է, բայց եթե Հայաստանն ուզում է գոյատեւել, հույսը պետք է նախեւառաջ դնի իր վրա, սա օրենք է: Հասարակությունը հիմա շատ ընկճված է, տեսավ, որ իշխանությունն անզոր է, էն կողմը նախաձեռնող է, էս կողմը ոչինչ չի անում: Թեեւ ռուսների ազդեցությունը, դիրքն ու ուժը էապես նվազել են, Ադրբեջանն ու Թուրքիան ստիպված կլինեն հաշվի նստել դրա հետ:


Բերդի, Նոյեմբերյանի բնակիչներն էլ երկու հույս ունեն՝ Տավուշում ռուսական ներկայության հետ կապված: Նախ՝ անվտանգային: Ադրբեջանի սահմանից 1 կմ այս կողմ գտնվող Այգեպարը մշտապես եղել է թշնամու կրակի տակ, տեղանքը բավականին ցածր է: Ադրբեջանական գյուղեր սահմանից այն կողմում չկան, եւ ադրբեջանցիները հանգիստ կրակում էին մերոնց ուղղությամբ: Հիմա դա հեշտ չի լինի անել: Երկրորդ՝ հնարավոր է, որ ռուսական ռազմաբազան նոր աշխատատեղերով ապահովի բնակիչներին, ու այդ դեպքում գործազրկությունն այս կողմերում կնվազի»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկություն տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Փաշինյանը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, Թուրքիայի նախագահն էլ փոխադարձաբար շնորհավորել է Փաշինյանին Վարդավառի տոնի առթիվ։ Փորձեցինք պարզել՝ ո՞ւմ նախաձեռնությամբ է տեղի ունեցել հեռախոսազրույցը, սակայն կառավարությունից ասացին՝ պաշտոնական հաղորդագրությունից դուրս այլ մեկնաբանություն չունեն։ Մենք տեղեկացանք, սակայն, որ հեռախոսազրույցի պայմանավորվածությունն ավելի վաղ էր կայացել՝ ոչ կոնկրետ մեկի նախաձեռնությամբ, այլ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում։ Ի դեպ, Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքում եւս նույն տեքստն էր տեղադրվել, բնականաբար՝ թուրքերենով։ Ասացին՝ համաձայնեցրել, նոր են տարածել։ Մինչդեռ ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցներում հաճախ է լինում, երբ հայկական կողմը մի բան է տարածում, Կրեմլը՝ այլ բան»:


«Փաստ» օրաթերթը գրում է . «Դեռ հստակ հայտնի չէ՝ Երևանի ավագանու ընտրություններն անցկացվելու են «ժամանակի՞ն», այսինքն, եկող տարի՞, թե՞, ամեն դեպքում, արտահերթ կարգով՝ մինչև այս տարվա վերջ, սակայն քաղաքական որոշ ուժեր արդեն իսկ սկսել են ինտենսիվ պատրաստվել: Այդ շրջանակներում անցկացվում են տարբեր հարցումներ՝ հավանական ընտրությունների դեպքում մարդկանց տրամադրվածությունը ստուգելու համար: Ի մասնավորի, «Փաստ» թերթի տեղեկություններով, այս օրերին բազմաթիվ քաղաքացիներ հեռախոսազանգ են ստացել՝ խնդրանքով պատասխանել մի քանի հարցի: Հարցումը սկսվում է Երևանի քաղաքապետարանի գործունեության, առանձին ոլորտների վիճակի հետ կապված հարցերով, ապա սահուն անցում է կատարվում Երևանի ավագանու ընտրություններին: Քաղաքացիներին խնդրում են իրենց վերաբերմունքն արտահայտել տարբեր քաղաքական ուժերի, ապա և՝ դաշտում գործող քաղաքական գործիչների մասին, որոնք տեսականորեն կարող են մասնակցել ընտրություններին: Ի դեպ, մեր տեղեկություններով, հարցման մեջ ընդգրկված գործիչների թիվը բավականին մեծ է՝ Մեսրոպ Առաքելյան, Տիգրան Ավինյան, Գագիկ Բեգլարյան, Տարոն Մարգարյան, Հայկ Մարության, Ավետիք Չալաբյան, Իշխան Սաղաթելյան, Լևոն Քոչարյան և այլն: Ուշագրավ է, որ այս «ցուցակում» տեղ են գտել նաև ՀՀ երկրորդ ու երրորդ նախագահները: Մեր ունեցած տեղեկություններով, հաջորդ հարցերն առավելապես վերաբերում են ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Վարդանյանին և «Ապրելու երկիր» կուսակցությանը՝ մոտավորապես այն կոնտեքստում, թե ինչքանով է պատրաստ քաղաքացին քվեարկել նշյալ կուսակցության օգտին, եթե Վարդանյանը աջակցի»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը հերթական օրենքը կհարմարեցնի իրեն։ ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն առաջարկում է արտգործնախարարության գլխավոր քարտուղարի համար պահանջվող ստաժը կրճատել՝ 10 տարուց դարձնելով 5, ըստ այդմ՝ «Դիվանագիտության մասին» օրենքում պետք է ամրագրել, որ «ԱԳՆ գլխավոր քարտուղարը նշանակվում է վարչապետի կողմից՝ ԱԳ նախարարի առաջարկությամբ՝ արտաքին գործերի նախարարության համակարգում առնվազն 5 տարվա դիվանագիտական ծառայության ստաժ եւ բարձրագույն դիվանագիտական աստիճան ունեցող անձանց թվից»: Ներկայում առնվազն 10 տարվա դիվանագիտական ստաժ է հարկավոր, որպեսզի անձը զբաղեցնի այս պաշտոնը։ Փոփոխության հիմնավորումը հետեւյալն է․ «Օրենքի նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով գործնականում առաջացած այնպիսի խնդիրների լուծման անհրաժեշտությունը, որոնք կապված են ԱԳՆ բնականոն գործունեության ապահովման, արդյունավետության բարձրացման, ինչպես նաեւ հանրային ծառայության վերաբերյալ օրենսդրության հետ ներդաշնակեցման ապահովման հետ»։ Սակայն հայտնի է, որ Արարատ Միրզոյանը որոշել է ազատվել ներկայիս գլխավոր քարտուղար Բորիս Սահակյանից եւ իր մարդուն նշանակել, որը չի համապատասխանում օրենքով պահանջվող չափորոշիչներին։ Սահակյանը քարտուղար է նշանակվել 2021-ի հուլիսին, երբ Վահագն Մելիքյանը լքեց այդ պաշտոնը։ Ի դեպ, ԱԳՆ մեր աղբյուրներն ասում են, որ Միրզոյանը նախարարությունում բաց մրցույթով աշխատանքի է ընդունել նաեւ իր աներձագին, որին առաջիկայում պատրաստվում է գործուղել Սանկտ Պետերբուրգ՝ որպես հյուպատոս»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրությունների հարցում իշխանությունների հույսը կրկին այդքան «մերժելի» նախկիններն են, որոնց հետ, մեր տեղեկություններով, ներկայում ակտիվ բանակցություններ են ընթանում, որ ՔՊ-ին ձայներ բերեն եւ ընդգրկվեն ավագանու ցուցակում։ Որոշ նախկիններ էլ սիրով դառնում են հեղափոխականների թեկնածուներ եւ գլխավորում ՔՊ ցուցակը։ Դիցուք, Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքում ՔՊ թեկնածուն նախկին համայնքապետ, ՀՀԿ-ական Արթուր Ստեփանյանն է, ում մասին մամուլը հեղեղված է աղմկոտ նյութերով։ Համագյուղացիները 2018-ին նրա դեմ բողոքի ակցիա էին անում՝ առանց թույլտվության ՀԷԿ կառուցելու համար, եւ գյուղը ողողվել էր «Արթուր՝ հեռացիր» գրառումներով։ Գյուլագարակում ՔՊ թեկնածուն մեկ այլ ՀՀԿ-ական է՝ համայնքի ղեկավարի ԺՊ Խաչիկ Վարդանյանը, որը 2017-ին պարտվեց ՀՀԿ-ի կողմից առաջադրված մեկ այլ թեկնածուի՝ Մհեր Գեւորգյանին։ Անգամ իշխանության կոնկուրենտ ուժերի հույսն են նախկինները։ Արամ Զավենիչի կուսակցության ցուցակը, օրինակ, Քաջարանում կգլխավորի նախկին քաղաքապետ Վարդան Գեւորգյանը։ Իշխանական արբանյակների դերն էլ հետընտրական կոալիցիաներն են, եթե, իհարկե, ՔՊ-ն բավարար ձայներ չհավաքի»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հիսուսի մոնումենտալ արձանը կանգնեցնելու գաղափարի մտահղացումից ի վեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վստահ է եղել՝ դեմ կարծիք ունեցողներ ու ընդդիմախոսներ միանշանակ լինելու են։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ բացառիկ զրույցում Ծառուկյանն ասում է, որ եթե անգամ Քրիստոսի արձանի փոխարեն դրախտը բերեր Հայաստան, միեւնույնն է, լինելու էին մարդիկ եւ շրջանակներ, որ դեմ էին խոսելու։ «Լինելու էին նաեւ մարդիկ, որ պատվիրելու եւ կազմակերպելու էին «դեմ» հանրային տրամադրություններ։ Այս ամենը ես շատ լավ պատկերացնում էի, ու ի սկզբանե իմ մոտեցումը եղել է հետեւյալը՝ հարգանքով վերաբերվել բոլոր փաստարկված առաջարկներին եւ առարկություններին, անձամբ պատասխանել դրանցից շատերին, լսել բոլոր գրագետ դիտողությունները։ Խոր հարգանքով եմ վերաբերվում Հայ առաքելական եկեղեցու խոսքին ու նորից, օգտվելով առիթից, շեշտում, որ սա եկեղեցական կառույց չէ»,- ընդգծում է նա։ ԲՀԿ առաջնորդը վստահեցնում է՝ արձանի գաղափարը ստացել է հանրության ճնշող մեծամասնության աջակցությունը, ու բազմաթիվ քանդակագործներ, ճարտարապետներ մասնակցել են մրցույթին, որոնց հետո պարբերաբար զրույցներ է ունեցել ու լսել նրանց խոսքը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն առաջիկայում, հնարավոր է, շրջակա միջավայրի նախարար նշանակվի: ՔՊ-ամերձ մեր աղբյուրներն են հայտնում՝ քաղաքական իշխանությունը ՇՄ ներկա նախարար Հակոբ Սիմիդյանի աշխատանքից այդքան էլ գոհ չէ, ու Սանոսյանին մտադիր է այնտեղ տեղափոխել ոլորտը քիչ թե շատ խելքի բերելու համար: «Նման ինֆորմացիայի չենք տիրապետում»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, մեկնաբանելով մեզ հասած տեղեկությունը, ասաց Գնել Սանոսյանի մամուլի քատուղար Սոնա Հարությունյանը: Այս պահին թեեւ իշխանությունը հստակ որոշում չունի, թե ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանին ինչ պաշտոն է վստահելու, բայց ենթադրելի է, որ նա կարող է ապագայում ստեղծվելիք ներքին գործերի նախարարի պաշտոնին հավակնել: Այս մասին մամուլը մեկ անգամ չէ, որ գրել է: Այսօր, ի դեպ, խորհրդարանական մեծամասնությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ, «Ներքին գործերի նախարարության ստեղծումը, քաղաքացիական վերահսկողության կարեւորությունը» թեմայով խորհրդարանական լսումներ է նախաձեռնել: Իշխանությունը, փաստորեն, ՆԳ նախարարություն ստեղծելու գաղափարը կամաց-կամաց կյանքի է կոչում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն գրել ենք, որ պաշտպանության նախարարության եւ դրան կից հիմնարկների աշխատակիցներին, մասնավորապես, զինկոմիսարիատներին, արգելվել է սմարթ հեռախոսներով աշխատանքի ներկայանալ։ Հիմնավորումն անվտանգային խնդիրներն են։ Մանրամասներ չեն հայտնել, սակայն հասկացվել է, որ դրանով լրտեսության դեմ են պայքարում։ Սմարթ հեռախոսներով սոցցանցերի եւ կապի այլ տեսակների միջոցով տեղեկությունների փոխանցումը դյուրին է։ Մեզ ահազանգած ՊՆ աշխատակիցները, սակայն, դժգոհում են, որ նորագույն տեխնոլոգիաների մեր օրերում ՊՆ ղեկավարության այս որոշումը մի քանի անգամ բարդացրել է իրենց աշխատանքը, քանի որ հեռախոսը նաեւ աշխատանքային միջոց է։ Ի դեպ, խոսակցություններ կան, որ հնարավոր է մեկ անգամ եւս զինկոմիսարիատների խոշորացման ծրագիր իրականացնեն։ Պատճառը, ենթադրվում է, զորակոչիկների թվի կրճատումն է»:


«Փաստ» օրաթերթը գրում է . «Այս իշխանության քաղաքականությանը չի կարելի տնտեսական քաղաքականություն անվանել: Այս մասին «Փաստ» թերթի հետ զրույցում ասաց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը: «Եթե, ամեն դեպքում, համարենք, որ սա քաղաքականություն է, ապա անունը կարող ենք դնել տնտեսությունը քանդող քաղաքականություն: Տնտեսական քաղաքականություն ասելով՝ պետք է հասկանայինք ինչպիսի հարկաբյուջետային, դրամավարկային քաղաքականություն են վարում, կամ՝ կառույցները փոխկապակցված են աշխատում, թե ամբողջությամբ անկախ: Վերջին դեպքերը ցույց տվեցին, որ միմյանցից անկախ են աշխատում: Օրինակ՝ էկոնոմիկայի նախարարությունն իր ձախողումների մեջ կարող է մեղադրել ԿԲ-ին, ԿԲ-ն՝ նախարարությանը»,ասում է Սարգսյանը՝ հավելելով, որ հենց միայն «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը վառ ապացույց է, որ տնտեսական քաղաքականությունը տապալում են: «Եթե հարկային, ծախսային քաղաքականությունը չեն փոխում, եթե դատապարտյալների կեցավայրերի վերանորոգումը գերադասում են գործարաններ ստեղծելուց կամ զինվորների համար պաշտպանական բնագծերի կահավորումից, ի՞նչ քաղաքականության մասին կարող է խոսք լինել: Պոպուլիստական հրապարակումներ են անում՝ ասելով, թե տնտեսությունն արդեն երկնիշ թվով է աճել՝ մի դեպքում՝ 10, 2 տոկոս, մյուս դեպքում՝ 13-ի է հասել: Ցուցանիշները բացառապես Երևանի ռեստորաններ ու հյուրանոցներ այցելած զբոսաշրջիկների՝ ծառայություններից օգտվելու հաշվին են: Մինչդեռ տնտեսական ակտիվության ցուցանիշի բաշխվածություն բնակչության շրջանում շարունակում ենք չունենալ, նրանց ծախսերն ավելանում են, եկամուտները՝ ոչ»,-ամփոփեց Աուդիտորների պալատի նախագահը»:


«Փաստ» օրաթերթը գրում է . «Երեկ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել պետական դավաճանության հերթական դեպքի մասին: Խոսքն այն մասին է, որ ՀՀ քաղաքացին, հանդիսանալով զինծառայող, ծառայության բերումով տիրապետել է պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների, «օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի միջոցով ծանոթանալով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ, հավաքագրվել է նրա կողմից, որից հետո նամակագրության միջոցով նրան է հանձնել պետական և ծառայողական գաղտնիք կազմող, ռազմական բնույթի տեղեկություն հանդիսացող տվյալներ: Պատերազմում պարտությունից հետո նման հաղորդագրություններ մեկ անգամ չէ, որ տարածվել են: Սակայն, չբացառելով նման դեպքերի առկայությունը, ինչն, անշուշտ դատապարտելի է, իսկ նման անձինք պետք է պատժվեն, սոցցանցերում օգտատերերը գնալով ավելի ու ավելի շատ են բարձրաձայնում, որ նմանատիպ տեղեկությունները 44-օրյա պատերազմից և դրա աղետալի հետևանքներից գործող իշխանության պատասխանատվությունը հանելու և «մաքրելու», ինչպես նաև զինված ուժերն անընդհատ վարկաբեկելու համար են: Փորձագետները նաև հարց են բարձրացնում, թե քանի՞ տարվա ընթացքում են այս լրտեսական ցանցերը ձևավորվել, որքա՞ն ժամանակ են անարգել գործել, ինչո՞ւ ուժային կառույցները ժամանակին չեն բացահայտել նմանատիպ գործակալական ցանցերի գործունեությունը: Մի շարք օգտատերեր նաև բարձրաձայնում են, որ այսպիսով հատուկ տեխնոլոգիաների կիրառմամբ տպավորություն է ստեղծվում, որ պատերազմում պարտվել ենք ոչ թե գլոբալ առումով իշխանությունների պատճառով, այլ որովհետև այսպիսի դավաճաններ կային, որոնք ինֆորմացիա են փոխանցել թշնամուն։ Ի դեպ, ավելորդ չէ նշել, որ տևական ժամանակ անազատության մեջ պահելուց հետո, այսպես կոչված, «պետական դավաճանական գործակալական ցանցի» երկու անդամ արդեն ազատ է արձակվել, քանզի մեղքն ապացուցող բավարար ապացույցներ չեն եղել: Այնինչ, այդ մարդկանց ձերբակալել էին աղմուկով ու մեծ շոուով»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 9-ին այցելել էր Արմավիրի մարզ, սակայն հետաքրքիր է, որ սահմանամերձ Մարգարայում այդպես էլ չի եղել: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նա բնակիչների հետ հանդիպել է Երասխավանում, որտեղ ներկա են եղել նաեւ Մարգարայի բնակիչները: Ինչպես հայտնի է, Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորմամբ զբաղվող հատուկ բանագնացների վերջին հանդիպումից հետո նշվեց, թե կողմերը պայմանավորվել են բացել հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների համար եւ վերականգնել Թուրքիայի հետ օդային փոխադրումները: Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ներկաները բազմաթիվ հարցեր են ուղղել Փաշինյանին՝ կապված ջրի թանկացման, մանկապարտեզի եւ, բնականաբար, սահմանազատման հարցերի մասին: Հետաքրքիր է, որ այդպես էլ ՀՀ վարչապետը ներկաներին չի պարզաբանել, թե ինչ է նշանակում «երրորդ երկիր» ասվածը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում բնակիչները տարակուսած էին, թե չգիտեն՝ ինչ է լինելու իրենց հետ, որ երկրների ինչ քաղաքացիներ են օգտվելու իրենց գյուղամեջի ճանապարհից: Հավելենք, որ Վարդաշենից դեպի Մարգարա տանող ճանապարհն այս պահին քանդած է, առանց ճանապարհային նշանների է, եւ այն դարձել է անանցանելի: Գյուղի բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, թե հանդիպման ժամանակ բարձրաձայնվել է նաեւ ասֆալտապատման աշխատանքների մասին, որի վերաբերյալ եւս դեռ հստակ ոչինչ չի ասվել»: