25.11.2024
Սա բավականին լուրջ մեղադրանք է, Օնիկ Գասպարյանը պետք է արձագանքի. պատգամավոր
prev Նախորդ նորություն

Դատախազը չի հաստատել Ավետիք Չալաբյանի գործով մեղադրական եզրակացությունը. փաստաբան

Նախօրեին տեղի է ունեցել բավականին ուշագրավ իրադարձություն. դատախազը չի հաստատել մեղադրական եզրակացությունը ու գործն ուղարկել է լրացուցիչ նախաքննության, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է մեր հայտարարությունները, որ Չալաբյանի դեմ գործում ընդհանրապես որևէ ապացույց չկա և նրա մեղքը առկա գործի նյութերով չի հիմնավորվում: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց Ավետիք Չալաբյանի  փաստաբան Վարազդատ Հարությունյանը:


"Քննչական կոմիտեն երկու օր առաջ հայտարարություն է տարածում, որից ընդամենը մեկ օր հետո դատախազը ետ է վերադարձնում գործը լրացուցիչ քննություն իրականացնելու ցուցումով՝ չհաստատելով մեղադրական եզրակացությունը: Եվ նույն օրը ՔԿ-ն, ստանալով գործը և հասկանալով, որ գործը ձախողում են, դիմում է դատարան Ավետիք Չալաբյանի կալանքը երկարացնելու միջնորդությամբ",- ասաց նա՝ տեղեկացնելով, որ այսօր տեղի է ունենալու կալանքի երկարացման հարցով քննությունը:


Փաստաբանը մանրամասնեց՝ հունիսի 28-ին քննիչը հայտարարել էր նախաքննության ավարտ, մինչ օրս որևէ գործողություն չի արվել և թերի նախաքննությամբ գործն ուղարկել է դատախազին, որն այն վերադարձրել է և հիմա իրենց թերի իրականացրածը փորձելու են շտկել Չալաբյանի ազատության հաշվին: Ավետիք Չալաբյանի երկամսյա կալանքը լրանում է հուլիսի 12-ին.


"Իրենք անգործության են մատնված եղել, թերի են գործել, և հիմա լրացուցիչ նախաքննությունն ուզում են անեն Չալաբյանի կալանքի պայմաններում, ինչն ուղղակի անհեթեթություն է",- շեշտեց մեր զրուցակիցը: Նա նաև ասաց, որ Չալաբյանի կալանքի ընթացքում գրեթե քննչական գործողություններ չեն իրականացվել, երկու նորմալ քննչական գործողություն է արվել, երկուսն էլ իրենց միջնորդությամբ:


Վարազդատ Հարությունյանը նշեց, որ եթե հանկարծ երկարացվի Չալաբյանի կալանքը, ապա դա լինելու է  հերթական անհեթեթ, ապօրինի ու աչք ծակող փաստը և Չալաբյանի անձի դեմ ուղղված քաղաքական հետապնդման հերթական ակտը. "Որևէ հիմք ու պայման չկա նրան կալանքի տակ պահելու համար":


Եթե, այդուհադերձ, դա տեղի ունենա և կալանքը երկարացվի, պաշտպանական թիմը շատ արագ վերաքննիչ բողոք կներկայացնի, ինչպես նաև կփորձեն միջազգային կառույցներում բարձրաձայնել խնդիրը, քանզի "ներպետական դատական համակարգը հրաժարվում է արդարադատություն իրականացնել և հրաժարվում է անձի իրավունքների պաշտպանությանը հետամուտ լինել": Եվ առաջնահերթ կդիմեն ՄԻԵԴ:


Ի դեպ, Հայաստանի մարդու իրավունքների գործող պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը, ի տարբերություն նախկին պաշտպան Արման Թաթոյանի, որևէ կերպ չի արձագանքել Ավետիք Չալաբյանի շուրջ զարգացումներին: Փաստաբանի խոսքով՝ իրենց գրված նամակին անգամ մեկ ամիս անց չէին պատասխանել և Հարությունյանը ՄԻՊ-ին, այդ կապակցությամբ, դիմել է սոցիալական ցանցի միջոցով՝ հրավիրելով անպատասխան նամակի մեկամսյակին նվիրված միջոցառմանը: Նոր դրանից հետո ՄԻՊ խոսնակը տեղեկացրել է, որ իրենց նամակի հիման վրա գրություն է ուղարկվել դատախազություն, բայց դա, շեշտեց Հարությունյանը, անբովանդակ ու ոչինչ չասող գրություն է.


"Որևէ ռեալ գործողություն, էլ չեմ ասում հրապարակային հայտարարություն դատապարտող այս ապօրինությունները ՄԻՊ-ի կողմից չի եղել",- հավելեց մեր զրուցակիցը:


Հիշեցնենք, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը  մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարք գործելու մեջ՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների՝ ընդդիմության ցույցերին մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու համար։


Լիա Խոջոյան