22.11.2024
ԿԲ փոխնախագահը հնարավոր է համարում գնաճի վերադարձը նպատակային ցուցանիշներին
prev Նախորդ նորություն

Ավետիք Չալաբյանը կմնա կալանքի տակ. դատարանի որոշում

Հասարակական-քաղաքական գործիչ, ԱՐԱՐ հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը կմնա կալանքի տակ։


Այս մասին հայտարարեց Չալաբյանի պաշտպան Վարդան Հարությունյանը։ Նրա խոսքով՝ դատարանը մերժել է պաշտպանական կողմի միջնորդությունը։


«Դատավոր Արմեն Դանիելյանի որոշումը կանխատեսելի էր»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Վարդան Հարությունյանը։


Ավելի վաղ Ազգային ժողովի պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Սեյրան Օհանյանը, Էլինար Վարդանյանը, Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը անձնական երաշխավորություն էին ներկայացրել մայիսի 14-ին կալանավորված Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը փոխելու համար։ «ԱրԱր» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամը նույնպես հանդես է եկել առաջարկությամբ:


Ավետիք Չալաբյանին կալանքից ազատելու կոչ են արել նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը և մի խումբ պատգամավորներ։


Միաժամանակ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ Չալաբյանի գլխավորությամբ հանրապետությունում իրականացվում են մի շարք կարևոր ծրագրեր ու նախաձեռնություններ՝ ուղղված ազգային արժեքների պահպանմանն ու տարածմանը, Արցախի անվտանգության բաղադրիչների զարգացմանն ու կատարելագործմանը։ Նրա խոսքով, այդ ծրագրերից շատերը չեն դառնում հրապարակային, սակայն շոշափելի են Արցախի ժողովրդի համար և կարիք ունեն շարունակության։


VERELQ-ը հիշեցնում է, որ մայիսի 14-ին երկու ամսով կալանավորվել է «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը, ով երկար տարիներ իր համախոհների հետ նպաստել է հայոց բանակի բարեփոխումներին։ Վերջինս կասկածվում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներին ընդդիմության բողոքի ակցիաներին մասնակցությունն ապահովելու համար կաշառք տալու փորձի մեջ։


Չալաբյանի նկատմամբ քրեական հետապնդումը պաշտպանական կողմը համարում է քաղաքական պատվերի դրսեւորում։