25.11.2024
Շառլ Միշելը սկսել է գործածել ադրբեջանական տերմինաբանությունը. Արմեն Աշոտյան
prev Նախորդ նորություն

ՀՀ ու Արցախի խնդիրները թիրախում. «Ապագա Հայկականը» մեկնարկել է հանրային քննարկումներ

Կիրակի օրը՝ մայիսի 22-ին, Ստեփանակերտում տեղի ունեցավ «Ապագա Հայկականը» Արցախյան ֆորումը, որի խորագիրն էր «Բնակչության աճը Արցախում»:


Այսպիսով մեկնարկ տրվեց հանրային քննարկումների գործընթացին, որի նպատակն է մշակել 2021 թվականի ապրիլին հայտարարված 15 նպատակների հայեցակարգային իրականացման շրջանակ: Նպատակներն են՝ տեսլականի սահմանում, երաշխավորված պետականություն, պատմական պատասխանատվություն, ազատ Արցախ, Հայաստան-Սփյուռք միասնականություն, բնակչության աճ և այլն: Ըստ նախաձեռնության կազմակերպիչների՝ այդ նպատակները կոչված են հավաքական պատասխանատվության, հավաքական դիտարկումների և հավաքական գործողությունների միջոցով ծառայելու Հայաստանի և հայ ժողովրդի կայուն զարգացմանը:


Կարևոր՝ «Ապագա Հայկականը» կապված չէ քաղաքական որևէ խմբի կամ կազմակերպության հետ, թեև հանրությանը հայտնի անձիք են՝ Ռուբեն Վարդանյան, Նուբար Աֆեյան, Ռիչարդ Ազարնիա, Արթուր Ալավերդյան, Արամ Բեկչյան, Դավիթ Թավադյան և այլն: Նրանք, ի դեպ, ներկա էին Արցախյան ֆորումին՝ Աֆեյանից բացի:  



Ինչպես արդեն նշեցինք, ֆորումի հիմնական նպատակն էր քննարկել 9-րդ նպատակի՝ «Բնակչության աճի» որոշ ասպեկտներ՝ արցախյան հասարակության լայն շերտերի ներգրավմամբ։ Ըստ այդմ, ավելի քան 60 նախաձեռնողներ հնարավորություն ունեցան քննարկելու Արցախի ժողովրդագրական խնդիրները, արտահայտելու իրենց տեսակետներն առկա մարտահրավերների վերաբերյալ և ուրվագծելու երկարաժամկետ հեռանկարում խնդիրների հնարավոր կայուն լուծումներ: Արցախյան ֆորումի մասնակիցներն ընդունել են առաջարկություններ՝ որպես գործողությունների համապարփակ փաթեթ, որն «Ապագա Հայկականը» նախաձեռնության կողմից ներկայացվելու է համապատասխան պետական մարմիններին, հայկական կազմակերպություններին և կառույցներին, գործարար շրջանակներին հայրենիքում և Սփյուռքում՝ դրանք համատեղ ջանքերով իրագործելու համար։ Թեև Արցախի պետպաշտոնյաներից շատերը՝ ի դեմս նախագահ Արայիկ Հարույունյանի, հենց տեղում մասնակցեցին քննարկումներին, ծանոթացան առաջարկներին ու առաջ քաշված մոդելներին:


Վերջինս իր խոսքում նշեց, որ աամենամեծ խնդիրը միշտ եղել է ժողովրդագրական աճը: Նրա խոսքով, այդպես միշտ է եղել, և այսօր Արցախում ունեն այն պատկերը, որը հարիր չէ մի քանի հազար տարվա պատմություն ունեցող ազգին:


Արայիկ Հարությունյանի խոսքով, կան և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ, թե ինչու է այդպես, բայց այսօրվա առաքելությունն այլ պետք է լինի.


"Մենք պետք է ոչ միայն ապրենք մեր հայրենիքի այս հատվածում, այլ ստեղծենք բոլոր նախադրյալները, որոնք թույլ են տալիս մեր այն հայրենակիցներին, ովքեր այսօր բնակվում են հայրենիքից դուրս  ևս ստանան այդ հնարավորությունը",- ասաց նա։


Նա նկատեց, որ նույն խնդիրն ունի նաև Հայաստանը: Եվ ավելացրեց. «Եթե խոսում ենք Արցախի ժողովրդագրական պատկերի, անվտանգության և Արցախի քաղաքական խնդիրների վերաբերյալ, ապա պետք է հաշվի առնենք, որ առանց մայր հայրենիքի, առանց Հայաստանի Հանրապետության՝ հզոր հայրենիք հնարավոր չի ունենալ»,- հավելեց նա։


Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանն էլ իր խոսքում անդրադարձավ այն հիմնաքարերին, որոնց վրա հիմնված պետք է լինի Արցախի ապագայի տեսլականը՝ անվտանգություն, աճող ժողովրդագրություն, զարգացող տնտեսություն, որակյալ կրթություն, արդյունավետ կառավարում, ազգային գաղափարախոսություն և պրագմատիկ միջազգային հարաբերություններ.


"Սրանք առնչվում են նաև Հայաստանի Հանրապետության ապագային, և այստեղ ժողովրդագրությունը երկարաժամկետ ռազմավարական ուղղություններից մեկն է",- ասաց Բեգլարյանը:


Իր հերթին նախաձեռնության համահիմնադիր, բարերար Ռուբեն Վարդանյանը տեղեկացրեց, որ այս աշնանը տեղի է ունենալու «Ապագա հայկականը» համաժողովը, որն իր շուրջը համախմբելու է շուրջ 200 մասնակիցների և առաջատար փորձագետների Հայաստանից, Արցախից և Սփյուռքից:



"Ամենամեծ վտանգը գալիս է անտարբերությունից: Եթե հասարակությունը պայքարի այդ անտարբերության դեմ, հայրենիքը չի կանգնի մարտահրավերների առջև",- վստահություն հայտնեց Վարդանյանը:



Նշենք, որ Ֆորումն անցկացվել է «քաղաքացիական ասամբլեայի» մոդելի և «Փոփոխությունների տեսություն» մեթոդաբանության հիման վրա։ «Ապագա հայկականը» նախաձեռնությունը վստահ է, որ սա ամենաարդյունավետ մոդելներից մեկն է, որը հնարավորություն է ընձեռնում որոշումների կայացման գործընթացում հասարակության մասնակցության համար՝ դյուրացնելով այդ գործընթացը:


Լիա Խոջոյան