Դատախազը գործողություններ է հանձնարարել Փաշինյանին ձերբակալելու միջնորդության ուղղությամբ
17.05.2022
Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու միջնորդության ուղղությամբ գործողություններ իրականացնելու հանձնարարություն է տրվել դատախազի կողմից քննիչին։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այդ մասին քիչ առաջ հայտնել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
«Վայրկյաններ առաջ մեզ տեղեկացրեցին, որ Զինվորական դատախազության կողմից հասցեագրված գրություն է եկել, համաձայն որի՝ հանձնարարվել է Զինվորական քննչական վարչությանը՝ կատարելու համապատասխան քննչական գործողություններ, որոնք նշված էին մեր միջնորդության մեջ, իսկ մեր միջնորդությունը վերաբերում էր ձերբակալմանը: Քննիչն արդեն ստացել է գրությունը, ուղարկվել է համապատասխան քննչական գործողություններ իրականացնելու նպատակով»,-զոհված զինվորների հարազատների ակցիայի ժամանակ հայտարարեց նրանց փաստաբան Վահան Հովհաննիսյանը:
Փաստաբանի խոսքով՝ քննիչը պետք է համապատասխան քննչական գործողություններ իրականացնի, ինչը ենթադրում է հարցաքննություն, ձերբակալություն: