Դուշանբեում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները
Դուշանբեում ընթանում է Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպումը։
Այս մասին րոպեներ առաջ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր Telegram ալիքում։
Ինչպես հայտնեցին ԱԳՆ-ից, մայիսի 12-ին ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ապրիլի 19-20-ը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ՌԴ կատարած պաշտոնական այցի արդյունքների և երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կապակցությամբ։
Կողմերն անդրադարձել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած հանձնառությունների իրականացման ընթացքին:
Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևավորման հետ կապված հարցեր:
Ընդգծվել է տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման անհրաժեշտությունը։
Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված քայլերի և Ադրբեջանի հետ կարգավորման գործընթացի վերաբերյալ։
Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը մտքեր են փոխանակել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ նախատեսվող եռակողմ հանդիպման վերաբերյալ:
Զրուցակիցները քննարկել են նաև երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում դաշնակցային հարաբերությունների ու ռազմավարական համագործակցության հետագա ամրապնդմանը վերաբերող հարցեր:
VERELQ-ը հիշեցնում է, որ մայիսի 12-13-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մեկնել է Դուշանբե՝ մասնակցելու ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին։
Դուշանբեում նախատեսվում է նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։
Նախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա նաև ԱՊՀ երկրների գործընկերների հետ։