Անդրանիկ Փիլոյանին կալանավորելու դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել
Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանին կալանավորելու դեմ այսօր վերաքննիչ բողոք է ներկայացվել:
Այս մասին հայտնել է Փիլոյանի պաշտպան Տիգրան Սարգսյանը:
Հիշեցնենք, ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն հանդես էր եկել հաղորդագրությամբ, որում նշվում էր, որ կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում արձանագրվել են ենթադրյալ հանցագործությունների կատարման բազմաթիվ դեպքեր, որոնցում ներգրավված են արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը (նախագահի հրամանագրով ազատվել է պաշտոնից), վերջինիս խորհրդականը, ինչպես նաև ԱԻ նախարարության 10-ից ավելի աշխատակիցներ, այդ թվում` տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ: Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ ԱԻ նախարար Ա. Փիլոյանը նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակում գործողությունների կատարման համար իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022թ.-ին ստացել է խոշոր չափերով կաշառք: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ա. Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /3 դրվագ/: Քննիչի որոշմամբ վերջինս 30.03.2022թ.-ին ձերբակալվել է:
Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է կալանավորելու միջնորդությունը: Նրան տեղափոխել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: