Դատարանը որոշեց վերսկսել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի ՍԴ դիմելու միջնորդության քննությունը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, որոշեց վերսկսել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի՝ ՍԴ դիմելու միջնորդության քննությունը։
Հիշեցնենք, որ Ալումյանը միջնորդել է դիմել Սահմանադրական դատարան՝ պնդելով, որ այն, որ դատարանը օրենքով հնարավորություն չունի պարզաբանելու Ռ․ Քոչարյանին և Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքը, հակասում է Սահմանադրության 67-րդ հոդվածի 1 կետին և 63 հոդվածի 1 մասին։
Դանիբեկյանը հղում արեց Քր․ Դատ․ -ի 31 հոդվածի 4 մասին, որի համաձայն քրգործի վարույթը կարող է կասեցվել անհրաժեշտ հնարավոր բոլոր դատավարական գործողությունները կատարելուց հետո։ Այս դեպքում դատարանը գտել է, որ առկա են դատավարական գործողություններ, որոնց դատարանը դեռ պետք է անդրադառնա։
Նախագահող դատավորը տեղեկացրեց, որ գործով անցնող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը միջնորդություն է ներկայացրել երկրից ժամանակավորապես բացակայելու վերաբերյալ։ Դատարանը գտել է, որ նախքան այդ միջնորդության լուծումը Հայկ Ալումյանի միջնորդությունը չի կարող լուծում ստանալ։