Երևանից Ռուսաստան և Ուկրաինա չվերթները չեղարկվել են
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից այսօր՝ փետրվարի 24-ին՝, ժամը 19։05-ին եւ 23։25-ին, դեպի Ռուսաստանի Կրասնոդար քաղաք երկու չվերթ էր նախատեսված։ Դեպի Ռուսաստանի մեկ այլ քաղաք՝ Սոչի, չվերթ էր նախատեսված էր ժամը 19։55-ին։ Ժամը 20։40-ին էլ չվերթն էր նախատեսված նաեւ դեպի Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւ։
Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Լիլիթ Աղաբեկյանը` նկատելով, որ ավիաընկերությունները հայտնել են բոլոր չորս չվերթները չեղարկման մասին։
VERELQ-ը հիշեցնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր առավոտյան հեռուստաուղերձում ասել է, որ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների դիմումի՝ որոշել է հատուկ ռազմական գործողություն իրականացնել։ Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ Մոսկվան նպատակ չունի օկուպացնելու ուկրաինական տարածքները։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուս զինվորականները չեն հարվածում Ուկրաինայի քաղաքներին, ռազմական ենթակառուցվածքները խոցվում են բարձր ճշգրտության միջոցներով։ Գերատեսչությունում վստահեցրել են, որ խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում։
Մինչ այս ՌԴ ղեկավարը ՆԱՏՕ-ի երկրներից և ԱՄՆ-ից պահանջել էր Ռուսաստանի անվտանգության երաշխիքներ, ինչպես նաև իրավական պարտավորություններ՝ ավելի չընդլայնվել դեպի Արևելք, հրաժարվել Ուկրաինային և Վրաստանին Հյուսիսատլանտյան դաշինքի շարքերում ընդունելուց։ Այնուամենայնիվ, ռուսական մտահոգություններն ու պահանջները հիմնականում անտեսվեցին արևմտյան մայրաքաղաքների կողմից: