Հետևելով Արմեն Սարգսյանի հետպատերազմյան քայլերին ու գործողություններին միանշանակ էր, որ նա պատեհ պահին հրաժարական է տալու և այստեղ ես որևէ անակնկալ չեմ տեսնում. այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
"Ավելին՝ որքան ես եմ տիրապետում տեղեկատվությանը, Արմեն Սարգսյանը շատ ցանկանում էր, որ սահմանադրական փոփոխությունները լինեին հնարավորինս արագ, որպեսզի ինքը հեռանար դե-յուրե՝ ոչ թե հրաժարականի, այլ սահմանադրական փոփոխություններով կառավարման նոր համակարգի անցնելու արդյունքում: Բայց, կարծում եմ, այդ փոփոխությունները առնվազն 1-1,5 տարի տևելու են: Ուստի Արմեն Սարգսյանը, բնականաբար Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվածությամբ, ընտրել է հրաժարականի այս տարբերակը",- նշեց նա:
Թե ինչո՞ւ է Արմեն Սարգսյանն այդ քայլին գնացել: Նաիրա Զոհրաբյանի խոսքով, որոշ մեսիջներ հրաժարականի տեսքտում կային, բայց, բնական է, Արմեն Սարգսյանը նոր չէ բացահայտել, որ ինքն ընդամենը "պրոտոկոլային ֆիգուր է" և որևէ իրական գործուն լծակներ չուներ:
"Պարզապես հետպատերազմյան Հայաստանում, երբ սպասվում են բավականաչափ լուրջ, զգայուն և ցավոտ միջազգային պայմանագրեր, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը, դելիմիտացիայի և դեմարկացիայի մասին, հայ-թուրքական կարգավորման գործընթացը և այլն, որոնք խորհրդարանի վավերացումից հետո, թեկուզ արարողակարգային, բայց պիտի ստորագրվեն նախագահի կողմից, պարզապես ինքը ցանկացել է պատմության մեջ չմնալ որպես մարդ, որի ստորագրությունը դրվելու է այդ միջազգային պայմանագրերի տակ: Այնպես որ բարդ կոնֆիգուրացիաներ փնտրել պետք չէ",- նշեց Զոհրաբյանը:
Անդրադառնալով այն քննարկումներին, թե ով կլինի ՀՀ նախագահ այս փուլում, Զոհրաբյանը մատնանշեց, որ այս պահին մի քանի անուն է շրջանառվում՝ Էդմոն Մարուքյան, Արամ Սարգսյան, անգամ Լևոն Շիրինյան։
"Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ձեռնպահ կմնա կանգ առնել Արամ Սարգսյանի թեկնածության վրա՝ հաշվի առնելով վերջինիս խիստ հակառուսականությունը, որովհետև Անվտանգության խորհրդի քարտուղարից հետո երկրորդ նման հակառուսական կերպար նշանակել երկրի ղեկավարման բարձրագույն ոլորտում կլինի հերթական դեմարշ Ռուսաստանի հանդեպ: Այս պահի դրությամբ ամենալոյալ թեկնածուն կարծես թե Էդմոն Մարուքյանն է....եթե, իհարկե, Փաշինյանն այլ թեկնածու չունի",-նշեց նա:
Իսկ ինչ վերաբերում է այն վերլուծություններին, թե Նիկոլ Փաշինյանն ինքը կառաջադրվի այդ պաշտոնում Նաիրա Զոհրաբյանն ուղղակի բացառում է, քանի որ Փաշինյանը "կամիկաձե, ինքնասպան չէ, որպեսզի իր ռեալ իշխանությունն այս փուլում փոխի շախմատի տախտակում պեշկայի լիազորություններ ունեցող, այսինքն որևէ լիազորություն չունեցող ֆիգուրով"։
"Նիկոլ Փաշինյանը կնշանակի իր թեկնածուին նախագահի պաշտոնում, կստորագրի սահմանադրական փոփոխություններ անելու հանձնաժողովի կազմավորումը, կարծում եմ, որ 1,5 տարվա ընթացքում կկազմակերպի կիսանախագահական կառավարման մոդելի անցնելու գործընթացը, որից հետո կառաջադրվի ՀՀ նախագահի պաշտոնում: Նրանք, ովքեր ուրախացել են Արմեն Սարգսյանի հրաժարականով և կարծում են, որ սա գործընթաց է, որի գեներացիան բերելու է Փաշինյանի հրաժարականին, իրենց քաղաքական հաշվարկներում մեծապես սխալվել են, որովհետև այս քայլով Փաշինյանն առավել է կենտրոնացնում իր ձեռքում ողջ իշխանությունը: Եվ սա պարզ ալգորիթմ է",- հավելեց մեր զրուցակիցը:
Իսկ ի՞նչ կանի ընդդիմությունը, արդյոք կառաջադրի սեփական թեկնածուին։
"Ես երբեք ոգևորված չեմ եղել Հայաստանի ԱԺ ընդդիմության ռազմավարությամբ ու մարտավարությամբ: Իհարկե, հասկանալի է, որ միևնույնն է անցնելու է Փաշինյանի թեկնածուն, բայց կարծում եմ, որ ընդդիմությունը ճիշտ կանի առաջադրելով սեփական թեկնածուին, որովհետև հասարակությունը սպասում է այլընտրանքային գործողություններ: Ճիշտ կլինի, եթե ընդդիմադիր երկու խմբակցությունները միասին առաջադրեն մեկ թեկնածու: Դա կարող է լինել Սեյրան Օհանյանը, Արթուր Վանեցյանը, կամ մեկ այլ գործիչ խորհրդարանից դուրս: Բայց որ ընդդիմությունը պետք է անպայման այլընտրանքային թեկնածու ներկայացնի և պետք է հիմնավորի իր այլընտրանքը՝ դա միանշանակ է",- ասաց քաղաքական գործիչը:
Թեև Նաիրա Զոհրաբյանը չբացառեց, որ խորհրդարանական ընդդիմությունը կարող է հերթական անգամ ընտրի ոչինչ չանելու և չխառնվելու տարբերակը, բայց, շեշտեց նա, եթե նրանք ցանկանում են ընկալվել ոչ թե որպես ընդդիմություն, որը պարբերաբար ծեծ է ուտում իշխանության կողմից, այլ ընդդիմություն, որը պատրաստ է գրագետ այլընտրանքներ ներկայացնել ու հիմնավորել իր այլընտրանքը, բնականաբար պիտի ներկայացնի նախագահի իր թեկնածուին։
"Բայց ինչ կանեն իրենք՝ կապրենք կտեսնենք",- հավելեց Նաիրա Զոհրաբյանը:
Լիա Խոջոյան