25.11.2024
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի վարչապետին
prev Նախորդ նորություն

Վհուկների որս. Հայաստանում փնտրում են թուրքական ազդեցության գործակալներ

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ընդդիմությանը եւ լրատվամիջոցներին մեղադրել է Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի դեմ արշավ սկսելու մեջ:


Նրա խոսքով՝ երեկվանից խորհրդարանի ամբիոնից, իսկ հետո նաև ԶԼՄ-ներում հրապարակվում է փոխխոսնակի բարի անունը վարկաբեկող ապատեղեկատվություն։ «Իրականում սա ոչ թե ՔՊ անդամ Ռուբեն Ռուբինյանի, ոչ թե փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի դեմ է, այլ Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի ներկայացուցչի դեմ է, իսկ դա նշանակում է Հայաստանի Հանրապետության դեմ։ Ում է ձեռնտու նման արշավի անցկացումը։ Դա կարող է շահավետ լինել միայն թուրքական ազդեցության իրական գործակալների կամ այլ երկրների ազդեցության գործակալների համար։ Օրինակ ՝ ում կարող էր ձեռնտու լինել, որ պատերազմի ժամանակ տանկերը շարժվեին դեպի Երևան։ Բնականաբար, ադրբեջանական կամ թուրքական ազդեցության գործակալներին։ Ո՞ւմ էր ձեռնտու պետհաստատությունների շենքերը պատերազմից հետո քանդելը, բնականաբար, ադրբեջանական կամ թուրքական ազդեցության գործակալներին։ Ո՞ւմ էր ձեռնտու զինվորականներին տրամադրել քաղաքական ղեկավարության դեմ։ Բնականաբար, ադրբեջանական կամ թուրքական ազդեցության գործակալներին։ Ո՞ւմ է ձեռնտու հարցականի տակ դնել Հայաստանում ժողովրդավարության առկայությունը, ում, բացի Հայաստանի դեմ գործող օտարերկրյա ազդեցության գործակալներից։ Եվ վերջապես, ում է ձեռնտու վարկաբեկել Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին։ Ում, բացի Հայաստանի դեմ գործող օտարերկրյա ազդեցության գործակալներից։ Ուստի հարց է առաջանում. գուցե դուք եք օտարերկրյա ազդեցության գործակալները»- ասել է Հովհաննիսյանը՝ դիմելով ընդդիմությանը։


Նա ընդդիմությունից պահանջել է հիմնավորված պատասխանել այդ հարցին, քանի որ «իր կասկածները հիմնավորել է»։ Պատգամավորը վստահ է, որ նման կասկածներ կան ոչ միայն իր եւ իր համախոհների, այլեւ երկրի քաղաքացիների մեծ մասի մոտ:


Նշենք, որ նախօրեին որոշ ընդդիմադիրներ հանրությանը հիշեցրել էին, որ 2018-ին իշխանափոխությունից քիչ առաջ Ռուբեն Ռուբինյանը հետազոտություններ է անցկացրել Թուրքիայում։ Այս փաստի հիման վրա որոշ պատգամավորներ հնարավոր համարեցին, որ Ռուբինյանն այդ ժամանակահատվածում կարող էր հավաքագրվել Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից և ներկայումս, հնարավոր է, թուրքական ազդեցության գործակալ է։ Նման մեղադրանքների հետևանքով նախօրեին խորհրդարանում հրաշքով հաջողվել է խուսափել հերթական քաշքշուկից։ Ինքը՝ Ռուբինյանը, դուրս է եկել հունից, անցել ճիչ ու նույնիսկ չի խորշել ընդդիմադիրների հասցեին հնչող սպառնալիքներից։


Հիշեցնենք, որ նման կասկածներ ընդդիմությունը հնչեցրել էր նաև Ռուբինյանի՝ փոխխոսնակի պաշտոնում թեկնածության քննարկման ժամանակ, սակայն այն ժամանակ նա ավելի զուսպ արձագանքեց։ Պատասխանելով պատգամավորների համապատասխան հարցին՝ Ռուբինյանն ընդգծել է, որ ուսումնասիրություններ է կատարել Թուրքիայում «Հրանտ Դինք» հիմնադրամի ծրագրի շրջանակներում եւ երբեք չի թաքցրել դա։ Նա նաեւ կոչ է արել ընդդիմադիրներին զերծ մնալ վիրավորանքներից՝ հավելելով, որ նման մեթոդները ոչինչ չեն տալիս ոչ հասարակությանը, ոչ քաղաքական ուժերին։