Վերջերս ստեղծված Հայաստանի ազգային ավիափոխադրող «Ֆլայ Արնա»-ն նախատեսում է կանոնավոր չվերթներ սկսել 2022 թվականի մայիսի վերջից: Իսկ հիմնական ուղղությունները լինելու են Կենտրոնական Ասիան, Ռուսաստանի Դաշնությունը, Միջին Արևելքը և հարակից երկրները: Այդ մասին այսօր՝ հունվարի 14-ին, Երևանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է «Էյր Արաբիա» խմբի գործադիր տնօրեն Ադել Ալին՝ «Ֆլայ Արնա»-ի ապրանքանիշի շնորհանդեսին:
«Ֆլայ Արնա» Հայաստանի ազգային ավիաընկերությունը ստեղծվել է ՀՀ պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և «Էյր Արաբիայի» միջև 2021 թ. հուլիսին ստորագրած համաձայնագրի հիման վրա։ Համատեղ ձեռնարկության 51 տոկոսը հայկական կողմինն է, 49 տոկոսը՝ օտարերկրյա ընկերությանը: Հիմնական բազան տեղակայված լինելով Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ «Ֆլայ Արնան» գործելու է «Էյր Արաբիայի» բյուջետային ավիաընկերության բիզնես մոդելով:
Ասուլիսի ժամանակ «Էյր Արաբիա» խմբի գործադիր տնօրեն Ադել Ալին նշել է, որ տեխնիկական և իրավական բոլղո փաստաթղթերի կարգավորված լինելու պարագայում ավիաընկերությունը, հավանաբար, մայիսի վերջին սկսելու է կանոնավոր թռիչքերը: «Ըստ մեր բիզնես պլանի՝ որոշ ուղղություններ արդեն սահմանված են, մասնավորապես, Կենտրոնական Ասիա, Ռուսաստանի Դաշնություն բավականին մեծ ծածկույթով, Միջին Արևելք, հարակից երկրներ»,-ասել է Ալին՝ հավելելով, որ ավիաընկերությունը թռիչքներ իրականացնելուց առաջ նախ պետք է ստանա հավաստագրեր, կարգան է այդպես:
Նրա խոսքով, եվրոպական ավիացիոն շուկան ևս «Ֆլայ Արնա»-ի բիզնես պլանի մաս է, սակայն այս ճանապարհի կան խնդիրներ, որոնք պետք է հաղթահարել: Հիմնական խնդիրն այն է, որ հայկական ավիաընկերությունները՝ ԵՄ ավիացիոն սև ցուցակում են, ուստի զրկված են եվրոպական երկրներ թռիչքներ կատարելու հնարավորությունից:
«Էյր Արաբիա» խմբի գործադիր տնօրենը վստահեցրել է, որ այդ ուղղությամբ աշխատում են խնդրի առկայությանը զուգահեռ: Ալին վստահ է, որ երբ գա այդ օդանավակայանների հետ աշխատելու պահը՝ ըստ իրենց աշխատանքային պլանի, ապա կգտնեն խնդիրը կարգավորելու ճանապարհը: «Իհարկե հույս ունենենք, որ մինչև այդ պահը արդեն Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն խնդիրը կարգավորած կլինի», - ասել է նա:
Ըստ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանի՝ հայկական ազգային ավիաուղիների ծրագիրը ստեղծելիս իրենց առաջ դրել են մի քանի խնդիր:
«Նախ ստեղծել իրապես մրցունակ տնտեսական միավոր, որը պետք է հիմնված լինի փորձված, կենսունակ մոդելի վրա: Խնդիր էինք դրել նաև ունենալ ավիաընկերություն, որը հենց նման մրցունակ, կենսունակ մոդելի շնորհիվ Հայաստանը միջազգային զբոսաշրջային քարտեզի վրա ավելի տեսանելի և գրավիչ ուղղություն կդարձնի: Եվ խնդիր ունեինք ստեղծել իրապես հայկական ազգային ավիաընկերություն, որը պոտենցիալ զբոսաշրջիկի և ուղևորի համար առաջին պորտալը կլինի դեպի ՀՀ-ի ոգին և էությունը»,- ասել է Փափազյանը: