24.11.2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովը կարող է շուտով ստեղծվել. ՌԴ ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Երեխաների մահացության ցուցանիշները փաստում են շեղում ԿԶ նպատակներին հասնելու ճանապարհից

Աշխարհը շարունակում է զգալիորեն շեղվել նորածինների և մինչև հինգ տարեկան երեխաների կանխարգելելի մահերին վերջ դնելու Կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ) հասնելու ճանապարհից. այս մասին է ասվում ՄԱԿ-ի միջգերատեսչական խմբի (UN IGME) կողմից հրապարակված՝ Երեխաների մահացության գնահատականների մասին զեկույցում:


Զեկույցի համաձայն՝ 50-ից ավելի երկիր մինչև 5 տարեկան երեխաների մահացության թիրախին մինչև 2030 թվականը չի հասնի, իսկ ավելի քան 60 երկիր՝ նորածնային մահացության թիրախին, եթե անհապաղ միջոցներ չձեռնարկվեն: ԿԶՆ-ներով նախատեսված է մինչև 2030 թվականը վերջ դնել նորածինների և մինչև 5 տարեկան երեխաների կանխարգելելի մահերին՝ նպատակ ունենալով 1000 կենդանի ծնվածի հաշվով նորածնային մահացության 12 կամ ավելի փոքր մահացության ցուցանիշ գրանցել, իսկ մինչև հինգ տարեկանների շրջանում՝ 1000 կենդանի ծնվածի հաշվով մահացության 25 կամ ավելի փոքր ցուցանիշ:


Զեկույցում նշվում է, որ միայն 2020 թվականին ավելի քան 5 միլիոն երեխա մահացել է մինչև իր հինգերորդ տարեդարձը, իսկ 5-ից 24 տարեկան` 2,2 միլիոն երեխա և երիտասարդ:


«Մենք շարունակում ենք չափից շատ երիտասարդ կյանքեր կորցնել հիմնականում կանխարգելելի պատճառներով, հաճախ՝ թույլ և թերֆինանսավորվող առողջապահական համակարգերի հետևանքով, որոնք հսկայական ճնշման են ենթարկվել համավարակի պատճառով: Եվ այս մահերը աշխարհում հավասարաչափ չեն բաշխված։ Ենթասահարյան Աֆրիկայում և Հարավային Ասիայում ապրող երեխաները շարունակում են բախվել աշխարհում մահացության ամենաբարձր ռիսկին», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների և վերլուծությունների գծով փոխտնօրեն Մարկ Հերևարդը (Mark Hereward): «Եթե ուզում ենք հասնել մանկական մահացության հետ կապված ԿԶՆ-ներին բոլոր երկրներում, ապա պետք է քառապատկենք ջանքերը՝ ապահովելու արդյունավետ և բարձրորակ խնամքի հասանելիություն՝ կյանքը փրկող միջամտությունների ծածկույթի շարունակական ընդլայնմանը զուգահեռ»:


Զեկույցում ասվում է նաև, որ երեխաների, դեռահասների և երիտասարդների մահացության վերաբերյալ վերջին և հավաստի տվյալները շարունակում են անհասանելի լինել աշխարհի շատ երկրների համար, հատկապես ցածր եկամուտ ունեցող երկրների, իսկ կորոնավիրուսային համավարակը լրացուցիչ մարտահրավերներ է առաջացրել տվյալների հասանելիության և որակի բարելավման գործում: Միայն մոտ 60 երկիր, հիմնականում բարձր եկամուտ ունեցող, ունի Քաղաքացիական գրանցման և կենսական (նշանակության) վիճակագրության արդյունավետ համակարգ, որն ապահովում է մահացության վերաբերյալ ժամանակին արված տվյալներ:


Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում տվյալների հսկայական բացեր կան. երկու երրորդը (135 երկրներից 97-ը) վերջին 3 տարիների ընթացքում մահացության վերաբերյալ հավաստի տվյալներ չի ունեցել: Ի լրումն, կորոնավիրուսային համավարակը ավելի շատ մարտահրավերներ է առաջացրել տվյալների հավաքագրման գործում՝ ընդգծելով տվյալների բացերը լրացնելու հրատապությունը:


«Երկրները պետք է ներդրումներ կատարեն հօգուտ որակյալ առողջապահական ծառայությունների, սնուցման, ինչպես նաև կանանց և երեխաների կյանքը փրկող այլ միջամտությունների՝ ապահովելու, որ դժվարությամբ ձեռք բերված նվաճումները մանկական մահացության դեմ պայքարում չկորսվեն և կարողանան հասնել ԿԶՆ-ներին», - նշել է Համաշխարհային բանկի առողջապահության, սնուցման և բնակչության գլոբալ պրակտիկայի գծով ղեկավար Ֆեն Չժաոն (Feng Zhao): «Համաշխարհային բանկը շարունակում է աջակցել ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներին բարելավելու կանանց և երեխաների առողջության ոլորտում գրանցվող արդյունքները և արագացնելու մանկական մահացության կրճատման գործընթացը, այդ թվում՝ համաշխարհային ֆինանսավորման հիմնադրամի (GFF) հետ գործընկերության միջոցով»:


«Անհրաժեշտ է ինտենսիվ ջանքեր գործադրել՝ բոլոր երեխաների և դեռահասների համար որակյալ առողջապահական ծառայություններ մատուցելու համար, ինչը նաև նշանակում է հավաքագրել անհրաժեշտ տվյալներ՝ ապահովելու, որ նրանց ֆիզիկական, զարգացման հետ կապված և հուզական կարիքները բավարարվեն իրենց ողջ կյանքի ընթացքում», - նշել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության մայրական, նորածնային, երեխաների և դեռահասների առողջության և ծերության գծով բաժնի տնօրեն դոկտոր Անշու Բեներջին (Anshu Banerjee): «Հօգուտ երեխաների ներդրումներ անելն ամենակարևոր բաներից մեկն է, որ հասարակությունը կարող է անել ավելի լավ ապագա կերտելու համար»:


Զեկույցը նախազգուշացնում է, որ քանի որ տվյալները մնում են թերի, երեխաների և դեռահասների շրջանում 2021 թվականին գրանցված և դրանից հետո գրանցվելիք արդյունքները անհայտ են մնում: Օրինակ՝ կորոնավիրուսային համավարակը կարող է տարբեր կերպ ազդել երեխաների մահացության վրա՝ ըստ տարիքային խմբի և սոցիալ-տնտեսական կարգավիճակի։ Ժամանակին արված և ճշգրիտ տվյալներ ու մանրակրկիտ մշտադիտարկում կպահանջվի հասկանալու համավարակի ազդեցությունը երկարաժամկետ առումով։


Իրավիճակը Հայաստանում.


Հայաստանի Հանրապետությունը զեկույցի համար տվյալներ տրամադրած երկրների ցանկում է: Ըստ այդմ, եթե 1990 թվականին երկրում մանկական մահացության ցուցանիշը կազմել է 42` 1000 կենդանի ծնվածի հաշվով (‰), ապա 2020 թվականին` 10‰: Մինչև հինգ տարեկան երեխաների շրջանում մահացության ցուցանիշը 1990 թվականին կազմել է 49` 1000 կենդանի ծնվածի հաշվով, իսկ 2020 թվականին` 11‰:


Կարևոր է փաստել, որ երկու ցուցանիշների դեպքում էլ Հայաստանը ԿԶՆ-ներին հասած հատուկենտ երկրների շարքում է: