Հայաստանի տնտեսությունը թևակոխել է կայուն վերականգնման փուլ. ԱՄՀ
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Գործադիր խորհուրդն ամփոփել է IV հոդվածի շուրջ 2021թ. խորհրդակցությունները, ինչպես նաեւ ԱՄՀ աջակցությամբ իրականացվող եռամյա Պահուստային ծրագրի չորրորդ եւ հինգերորդ վերանայումները։ Արդյունքում, Հայաստանի Հանրապետության համար հասանելի են դարձել 51.428 մլն ՀՓԻ (շուրջ 72 մլն ԱՄՆ դոլար) ծավալով բյուջետային (վարկային) միջոցներ, հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
ԱՄՀ գնահատմամբ` 2020թ. անկումից հետո Հայաստանի տնտեսությունը թեւակոխել է կայուն վերականգնման փուլ: Ակնկալվում է, որ COVID-19-ի համավարակային իրավիճակի աստիճանական, թեեւ անհավասար բարելավումը, պահանջարկի զսպումը, ինչպես նաեւ պետական եւ մասնավոր ներդրումների ընդլայնումը կխթանեն 2022 թվականի աճը:
ՀՀ Կառավարության 2021-2026թթ. բարեփոխումների ծրագիրը կարեւորագույն շրջանակ է ապագայում բարեկեցության եւ ներառականության ապահովման համար: Այն նպատակ ունի բարելավելու արտահանմանն ուղղված եւ ներդրումների վրա հիմնված աճի մոդելը ենթակառուցվածքներում եւ մարդկային կապիտալում (կրթություն, գիտություն եւ առողջապահություն) ներդրումների էական ավելացման եւ լայնածավալ բարեփոխումների միջոցով: Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ջանքերը, ՓՄՁ-ների համար ֆինանսական հասանելիության ընդլայնումը, առաջնահերթ սոցիալական ծախսերի համար հնարավորությունների ստեղծումը, ինչպես նաեւ կլիմայի փոփոխությունը մեղմելու եւ վերջինիս հարմարվելու քաղաքականության մշակումը կնպաստեն ավելի բարձր կայուն եւ ներառական աճին:
Նշվում է, որ ԱՄՀ ֆինանսական աջակցությունը կօգնի Հայաստանին դիմակայելու մարտահրավերներին, այդ թվում՝ մեղմելով COVID-19 համաճարակի սոցիալական եւ տնտեսական հետեւանքները՝ իր բարեփոխումների օրակարգին համահունչ։
Միաժամանակ ԱՄՀ կողմից ընդգծվել է, որ միջնաժամկետ հատվածում ՀՀ կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշի աստիճանական նվազման եւ պարտքի կայունության ապահովման հանձնառությունն ու ապագա ցնցումների դեմ միջնաժամկետ հարկաբյուջետային բուֆերների վերականգնմանն ուղղված ջանքերը հիմնված են արժանահավատ միջնաժամկետ հարկաբյուջետային շրջանակի եւ աճի համար բարենպաստ հարկաբյուջետային կոնսոլիդացիայի վրա:
Արձանագրվել է նաեւ, որ կապիտալի շուկայի զարգացման ընդլայնված գործողությունների ծրագիրը պետք է նպաստի ապագայում ներքին ներդրումների ֆինանսավորման հարցում շուկայի դերի մեծացմանը: