24.11.2024
Փորձագետները ՀԿ-ների վերահսկողության միջազգային փորձի մասին
prev Նախորդ նորություն

«Հիմնադիր խորհրդարան». Գիշերը ոստիկանների կրակից վիրավորվել է «Սասնա ծռերի» 2 անդամ

«Հիմնադիր խորհրդարանը» հանդես է եկել հայտարարությամբ, որում տեղեկացնում է, որ գիշերը ժամը 2-ի սահմաններում ՊՊԾ գնդի տարածքին հարակից ոստիկանական պատնեշից դավադրաբար կրակ են բացել, որի արդյունքում ոտքերից վիրավորվել են «Սասնա ծռեր» խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը:

«Այսօր` 26-ի գիշերը և առավոտյան Սասնա ծռեր խմբի ազատագրած տարածքում տեղի է ունեցել 2 պատահար: Գիշերը ժամը 2-ի սահմաններում տարածքին հարակից ոստիկանական պատնեշից դավադրաբար կրակ են բացել, որի արդյունքում ոտքերից վիրավորվել են Սասնա ծռեր խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Առավոտյան ժամը 7-ի սահմաններում արիասիրտ մի հայորդի` Արթուր Սարգսյանը, իր անձնական օգտագործման մեքենան ամբողջությամբ բեռնել է սննդով և ճեղքելով ոստիկանական արգելապատնեշը, հասել ազատագրված տարածքի մուտքի մոտ, ոստիկանները բոլոր կողմերից կրակ են բացել Արթուրի մեքենայի վրա:

Բարեբախտաբար Արթուրը ոչ մի վնասվածք չի ստացել և բարեհաջող կերպով սնունդը տեղ է հասցրել: Բացի այդ գնդի տարածքում հայտնաբերվել են գաղտնի ցուցակներ, որոնց նախնական ուսումնասիրությամբ ենթադրվում է, որ դրանք պատկանում են գործակալների և պոռնկությամբ զբաղվողներին: Այդ տվյալների համադրությամբ հիմնավոր կասկածներ են առաջանում, որ այս տարածքում գտնված ՊՊԾ գնդի սպաները, փաստորեն զբաղվել են կավատությամբ: Նշված ցուցակներում գրանցված են 146 ենթադրյալ գործակալներ և 35 մարմնավաճառությամբ զբաղվողներ: Կոչ ենք անում շարունակել համախմբման պայքարը: Հաղթանակը շատ մոտ է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ այսօր արդեն 9-րդ օրն է, ինչ «Սասնա ծռեր» խմբավորումը գրավել է ՊՊԾ գնդի տարածքը: Վերջին պատանդներն ազատ են արձակվել շաբաթ օրը, այդ օրն էլ հայտարարվեց, որ իրենք չեն պատրաստվում հանձնվել: Նրանք պահանջում են, որ նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարական տա եւ ազատ արձակվի իրենց առաջնորդ, «Հիմնադիր խորհրդարանի» վարչության անդամ Ժիրայր Սեֆլիյանին, ում շաբաթներ առաջ ձերբակալել էին պետական հեղաշրջման պատրաստման մեղադրանքով: