Լաչինի միջանցքը չի կարող լինել Ադրբեջանի որևէ տեսակի վերահսկողության տակ, և այդ հարցը որևէ առնչություն չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման հետ:
Այս մասին իր թվիթթերյան միկրոբլոգում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը՝ ի պատասխան Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, որ եթե Ադրբեջանի ու Նախիջևանի միջև հաղորդակցությունը լինի ՀՀ վերահսկողության տակ, ապա Ադրբեջանն էլ պետք է վերահսկի Լաչինի միջանցքը:
«Լաչինի միջանցքը չի կարող լինել Ադրբեջանի որևէ տեսակի վերահսկողության տակ, և այդ հարցը որևէ առնչություն չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման հետ:
Արցախը պետք է ունենա ուղիղ և չվերահսկվող սահման Հայաստանի հետ, և մեր բռնազավթված տարածքները պետք է վերադարձվեն»,- նշել է Արտակ Բեգլարյանը:
Ինչ ասաց Ալիևը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «Զանգեզուրի եւ Լաչինի միջանցքներում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ անցագրային ռեժիմները պետք է համընկնեն»:
«Եռակողմ հայտարարության մեջ (ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի) հստակ ասվում է, որ Ադրբեջանն ապահովում է անվտանգ և անարգել կապը Ղարաբաղի և Հայաստանի միջև, Իսկ Հայաստանը նույնպիսի անվտանգ և անարգել կապ է ապահովում Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև», - ասել է նա Բրյուսելում:
Երևանի արձագանքը
Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հարցը, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Լաչինի միջանցքի հետ տարածաշրջանային հաղորդակցությունների բացման միջեւ զուգահեռ անցկացնելու Ադրբեջանի նախագահի փորձերը ոչ մի ընդհանուր բան չունեն այդ թեմայի շուրջ մինչ օրս ստորագրված քննարկումների եւ հայտարարությունների հետ։ Դա անընդունելի է Հայաստանի համար», - ընդգծել է նա։
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիայի և դելիմիտացիայի իրականացման, ինչպես նաև փոխվստահության հաստատմանը միտված հնարավոր քայլերին։
Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները։