ՄԱԿ-ի փորձագետները մեկնել են Սաուդյան Արաբիա, որպեսզի հետաքննեն հանգստյան օրերին երկրի նավթային օբյեկտներում տեղի ունեցած պայթյունները։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ նախազգուշացնելով ճգնաժամի սրման դեպքում «ավերիչ» հետեւանքների մասին:Նրա խոսքով, փորձագետներին հետաքննությունը սկսելու թույլտվություն է տրվել համաձայն Անվտանգության խորհրդի բանաձեւի, որը հավանության էր արժանացրել Իրանի հետ 2015թ․ կնքված միջուկային համաձայնագիրը։ՄԱԿ փորձագետները «արդեն մեկնել են Սաուդյան Արաբիա եւ, ակնհայտ է, որ նրանք իրենց աշխատանքը կկատարեն ԱԽ-ի կողմից իրենց տրված մանդատի համաձայն»,- լրագրողներին ասել է Գուտերեշը՝ հավելելով, որ «վճռականորեն» դատապարտել է այդ հարձակումը։«Ես կարծում եմ, որ այդ գրոհը Պարսից ծոցում դրամատիկ լարվածություն է, եւ ես համարում եմ, որ մեզ, անկասկած, անհրաժեշտ է դադարեցնել այդ լարվածությունը»,- ասել է նա։ «Եթե Պարսից ծոցում լուրջ հակամարտություն տեղի ունենա, դա ավերիչ հետեւանքներ կունենա տարածաշրջանի եւ ողջ աշխարհի համար»,- հավելել է նա։