15.08.2025
Երևանում կայացավ բողոքի երթ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման
25.09.2019
Երևանում կայացավ բողոքի երթ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման

Երևանում կայացավ բողոքի երթ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի, որը կազմակերպել էր «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը: Երթի մասնակիցները անցան Երևանի փողոցներով, բարձրախոսի միջոցով իրազեկելով քաղաքացիներին, թե ինչ վտանգներ է իր մեջ պարունակում այդ փաստաթուղթը Հայաստանի համար: Մասնավորապես, կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը հայտարարեց, որ թեև կոնվենցիայի վավերացումը դեռ քննարկման փուլ չի մտել, բայց այն քաղաքական օրակարգում է և դրա վերաբերյալ իշխանության տարբեր ներկայացուցիչներ դրական վերաբերմունք են արտահայտել, ինչն արդեն իսկ վտանգավոր ու մտահոգիչ է. «Մեր երթը իրազեկման և զգոնության երթ է. այն ուղղված է թե՛ մեր հասարակությանը, որպիսի այն զգոն լինի, թե՛ կառավարությանը, թե՛միջազգային կազմակերպություններին: Մենք տեսնում ենք, որ կոնվենցիան, առաջին հերթին, հակասում է ՀՀ Սահմանադրությանը և մի շարք երկրներ այն արդեն հակասահմանադրական են ճանաչել»,- հայտարարեց Ղուկասյանը: Կուսակցության նախագահը նաև նշեց, որ շատ խնդրահարույց կետեր է փաստաթուղթը պարունակում, որի մասին մշտապես հայտարարվել է, այդ թվում և իրենց կուսակցության կողմից, սակայն իշխանությունները միևնույնն է չեն շտապում հրաժարվել դրա վավերացման մտադրությունից և սա ևս շատ մտահոգիչ է, քանի որ հարցեր է առաջացնում՝ գուցե սա պարտադրա՞նք է այդ պատճառով: ՀԱՍԱԿ փոխնախագահ Ծովինար Կոստանյանը նույնպես խոսեց այդ խնդրի մասին՝ նշելով, որ  Ստամբուլյան կոնվենցիան ամբողջովին դրսից պարտադրվող փաստաթուղթ է և չպետք է վավերացվի Հայաստանի կողմից, քանի որ  իր մեջ մեծ վտանգներ է պարունակում մեր ինքնության և արժեքների վերանայման/աղավաղման տեսանկյունից:  «Հանրությանը ներկայացվում է, որ այս փաստաթուղթը կանանց իրավունքների պաշտպանությանն է ուղղված, սակայն իրականում, երբ ընթերցում ես այն, տեսնում ես, որ հստակ նշվում են ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքները: Այսինքն, կանանց իրավունքների քողի ներքո փորձում են հրամցնել նաև այս կատեգորիաները և ներդնել դրանք հայկական հասարակություն»,- ասաց նա: Կոստանյանը շեշտեց՝ Ստամբուլյան կոնվենցիան ամբողջովին դրսից ներմուծվող փաստաթուղթ է, որը պարտադրվում է մեզ և դրա վավերացման դեպքում Հայաստանը, փաստացի, ընդունում է բոլոր կետերը, քանի որ մենք չենք կարող մի մասը վավերացնել, մի մասը՝ ոչ: Այսինքն այն խոսակցությունները, թե կվավերացնենք, բայց վերապահումներով, ընդամենը հանրությանը այս փուլում հանդարտեցնելու և մոլորեցնելու համար են: «Մենք պահանջում ենք, որպեսզի հանրային օրակարգից Ստամբուլյան կոնվենցիան ընդհանրապես դուրս բերվի: Եվ առհասարակ՝ դրսից պարտադրվող փաստաթղթերը չպետք է վավերացվեն Հայաստանում, եթե դրանք որևէ աղերս չունեն հայաստանյան իրականության հետ»,- շեշտեց Ծովինար Կոստանյանը: Նշենք, որ երթի մասնակիցները պահանջագիր ներկայացրեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը և Հայաստանում Եվրոպական խորհրդի գրասենյակի ղեկավարին, որպեսզի չճնշեն Հայաստանին և չպարտադրեն մեզ համար անընդունելի կոնվենցիայի վավերացում: Իսկ այն, որ Հայաստանը ճնշումների է ենթարկվում, երթի կազմակերպիչները որևէ կասկած չունեն: