Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով հանդիպում այս պահին ծրագրված չէ: Այս մասին Բուլղարիայի ԱԳ նախարար Եկատերինա Զախարիևայի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում հայտարարեց արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Նա ասաց, որ այս պահին հայտնի է երկու երկրների արտաքին գործերի նախարարների մակարդակով նախապատրաստվող հանդիպման մասին: «Կենտրոնացած ենք արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպումների շարունակման վրա, որը նաև հիմք է ղեկավարների մակարդակով հանդիպում նախապատրաստելու համար»,- ասաց Մնացականյանը: Նախարարը նաև տեղեկացրեց, որ թեև այս պահին կոնկրետ թղթի վրա ամրագրված ձևակերպումների շուրջ աշխատանք չի կատարվում, բայց դա չի նշանակում, թե չեն աշխատում տարբեր սկզբունքների և պարամետրերի շուրջ՝ հստակեցնելու, թե ինչպես կարելի է կառուցել կողմերի միջև պարտավորությունների անհրաժեշտ համաչափությունը: «27 տարվա ընթացքում եղել են տարբեր գաղափարներ, տարբեր փաստաթղթեր, վերջինը եղել է Կազանի փաստաթուղթը: ՀՀ վարչապետը շատ լավ և շատ հստակ տիրապետում է ԼՂ խնդրին, և նա փորձում է էլ ավելի յուրացնել տարբեր նրբություններ»,- հավելեց Զոհրաբ Մնացականյանը: VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը հայտարարել է, որ ԵԱՀԿ-ի գործող նախագահի միջնորդությամբ Բրատիսլավայում մոտ ժամանակներս կանցնի Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները: