15.05.2025
Մնացականյանը հայ-ուկրաինական հարաբերությունների ավելի խորացում ու զարգացում է ակնկալում
24.01.2020
Մնացականյանը հայ-ուկրաինական հարաբերությունների ավելի խորացում ու զարգացում է ակնկալում

Հունվարի 24-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ուկրաինայի նորանշանակ դեսպան Իվան Կուլեբային՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Նախարար Մնացականյանը հույս է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի պատմականորեն ամուր հիմքեր ունեցող հայ-ուկրաինական հարաբերությունների ավելի խորացմանը եւ զարգացմանը: ԱԳ նախարարը եւ դեսպանը բարձր են գնահատել Ուկրաինայի հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ ներգրավվածություն ունեցող տեղի հայ համայնքի դերը՝ որպես կամրջող օղակ երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում: Երկուստեք ուղենշվել է հայ-ուկրաինական քաղաքական երկխոսության ամրապնդման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, այդ թվում արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ պարբերական խորհրդակցությունների անցկացման, տարբեր մակարդակներում երկխոսության ակտիվացման միջոցով։ Այս համատեքստում զրուցակիցները կարեւորել են տնտեսական հարցերով հայ-ուկրաինական համատեղ միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը: Կողմերը կարեւորել են նաեւ համագործակցության խորհրդարանական հարթակը եւ համոզմունք հայտնեցին, որ երկու երկրների խորհրդարաններում ձեւավորված բարեկամական խմբերը կնպաստեն հայ-ուկրաինական միջխորհրդարանական կապերի աշխուժացմանը: Մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի մի շարք հրատապ հարցերի շուրջ: