ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմից որևէ տեղեկություն չի ստացել այն մասին, թե դատավոր Աննա Դանիբեկյանը հրաժարվել է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման վերաբերյալ գործի քննությունից։ «Մի քանի շաբաթ շարունակ փաստաբանները փորձել են ճշտել, թե երբ Աննա Դանիբեկյանը կկարողանա աշխատանքի ներկայանալ և դատական նիստեր գումարել։ Նախորդ շաբաթվա վերջում հայտնի է դարձել, որ դատավորը անաշխատունակության թերթիկ է ներկայացրել, որի ժամկետը լրանում է ապրիլի 16-ին։ Ըստ դատարանի աշխատակազմի՝ մինչ օրս թերթիկի երկարացման դիմում չի ներկայացվել։Դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ վերջին դատական նիստը տեղի է ունեցել ս․թ․ մարտի 10-ին։ Իսկ մարտի 17-ին դատարանը պետք է քններ Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը։ Սակայն մինչ օրս դատական նիստ չի եղել։ Պաշտպանական կողմը գրություններով դիմել է ՄԻՊ-ին և ԲԴԽ-ին՝ բարձրացնելով երկրում առկա կորոնավիրուսային վարակով պաիմանավորված՝ Ռոբերտ Քոչարյանի ռիսկային գոտում գտնվելու հարցը։ ՄԻՊ-ը համակարծիք է եղել, որ բարձրացված հարցը ոչ լիարժեք իրավակարգավորումների արդյունք է և համապատասխան գրությունով դիմել է ԲԴԽ՝ պաշտոնական դիրքորոշումը պարզելու համար: Փաստաբանների կողմից նաև մի շարք հայցադիմումներ են ներկայացվել՝ պահանջելով կանխել իրավունքները խախտող գործողությունները, մասնավորապես՝ անմարդկային վերաբերմունքը և խոշտանգումները Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ»,- ասված է թիմի տարածած հաղորդագրության մեջ: VERELQ-ը հիշեցնում է, որ ըստ մամուլի՝ Աննա Դանիբեկյանը հրաժարվել է գործի քննությունից: Մարտի 17-ին ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը դատարանում պետք է հանդես գային Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու առաջարկությամբ: Սակայն նիստը հետաձգվեց ու մինչ այս պահը հայտնի չէ նոր նիստի օրը: